Ռուսական «Россия-24» հեռուստալիքին Իլհամ Ալիևի տված հարցազրույցից կարելի է տպավորություն ստանալ, որ գործ ունենք հեռուստալիքի և Ալիևի համագործակցության անհաջող արդյունքի հետ:
Հարցազրույցի ողջ բովանդակությունից դժվար չէ դուրս բերել մի պարզ իրողություն' Ադրբեջանի նախագահին առաջարկել են ռուսական եթերից հակաարևմտյան նուրբ քարոզչություն անել, ա վ զամեն Ալիևին էլ եթեր են տվել առանց շունչ քաշելու հակահայկական անգիր արած իր կեղծ թեզերը առաջ տանել: Արդյունքում բավական ծիծաղելի իրավիճակ է ստացվել: Ռուս լրագրողը հակաարևմտյան քարոզչության տրամաբանությամբ' Ալիևին պատմության սրբագրման և աղավաղման մասին հարցեր է տալիս' ուղղակիորեն ակնարկելով, որ Արևմուտքի մութ ուժերը փորձում են նվաստացնել ֆաշիզմի դեմ Ռուսաստանի տարած հաղթանակը: Ալիևն էլ շատ լուրջ ու իբրև խորհրդային պատմությամբ մտագոհ մարդու կերպարով շարունակում է լրագրողի դարդերը կիսել' մեղադրելով արևմտյան մութ ուժերին'այդ շարքում նաև Հայաստանին, պատմության փաստերը խեղաթյուրելու մեջ:
Իհարկե, հեռուստաալիքի որոշումն է եթեր տալ այս կամ այն երկրի ղեկավարին: Բայց չէր խանգարի մի քիչ ավելի զուսպ ու պրոֆեսիոնալ աշխատանքը, քանի որ հեռուստալիքը պատմության կեղծման անթույլատրելիության մասին հարցեր է տալիս մի մարդու, ով իր իշխանության ողջ ընթացքում պետական բարձր մակարդակով զբաղված է պատմության ոչ թե սրբագրմամբ, այլ չեղած պատմություն հորինելով ու ակնհայտ պատմական իրողություններ հերքելով: Ռուս լրագրողի համար որևէ խոչընդոտ չկար, որպեսզի թերթեր Ալիևի թվիթերյան գրառումները, հարցազրույցները և հասկանար, որ պատմությունը աղավաղելու առումով դատափետելի գնահատականներ լսելու համար Ալևիը ամենևին էլ հարմար զրուցակից չէ:
Պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից անթույլատրելի էր նաև լրագրողի լռությունը բոլոր այն պահերին, երբ Ալիևը հակահայկական թեզեր է հնչեցնում: Բնականաբար, ոչ ոք չի սպասում, որ ռուս լրագրողը կուրծքը պետք է ծեծեր Հայաստանին պաշտպանելու համար, բայց Ալիևի թեզերում կային ակնհայտ ցնդաբանություններ, որոնք պրոֆեսիոնալ լրագրողի համար գոնե հարցապնդումների տեղիք պետք է տային, ինչը նույնպես չի արվել հարցազրույցի ընթացքում:
Ռուսաստանի կողմից հակաարևմտյան քարոզչությունը խոսելու բոլորովին այլ թեմա է, բայց բոլոր դեպքում անցնել սահմանները և հայերին էլ ներքաշել դրա մեջ, այն էլ Ադրեջանի նախագահի շուրթերով, պարզապես փնթի տապոռություն է:
Կնյազ Սարոյան