Սույն թվականի ապրիլի 24-ին համայն հայությունը և ողջ քաղաքակիրթ աշխարը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դրա շրջանակներում լույս տեսան մի շարք նոր հետազոտական աշխատություններ' նվիրված Հայոց ցեղասպանությանը, մի շարք երկրների խորհրդարաններում քննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը, ընդունվեցին օրինագծեր ևն:
Անցել է արդեն շուրջ 100 տարի ժամանակ, սակայն թուրքական կառավարության դեմքը, կարծես, չի փոխվել: Թուրքական կառավարությունը շարունակում է առաջնորդվել մերժողական քաղաքականությամբ' չընդունելով Հայոց ցեղասպանության փաստը:

 

Թուրքիային այս հարցում մեծապես աջակցում է <<կրտսեր եղբայրը>>' Ադրբեջանը, որը սակայն մոռանում է, որ 35 տարի առաջ փաստացի (համենայն դեպս գոնե գիտական մակարդակով) ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված <<Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան>>-ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է. <<…Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման' գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին:

 

1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ. Ավելի քան 600 հազ. հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300 հազ. Հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում…>>: Մեջբերման մեջ հստակորեն վկայվում է Հայոց ցեղասպանության իրողության, 1.5 մլն հայի ոչնչացման, հայերի հայրենազրկաման մասին, իսկ տեղի ունեցածը որակվում է որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Ստորև ներկայացնում ենք 1980 թվականին Բաքվում հրատարակված <<Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան>>-ի (10 հատոր) IV հատորի 84-րդ էջում տպագրված տեքստի պատճենը և գրքի գլխավոր խմբագրակազմը:

 

 

 

 

Վահե Մոսինյան