Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի վերջին բանաձևին է անդրադարձել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն ու Եվրոպային մեղադրել «սեփական շահերի համար հայերին օգտագործելու մեջ»։
Եթե մի պահ մոռանանք որ հայ ենք ու խնդրին նայենք կողքից, ապա ասվածի մեջ այնպես չէ, որ իրականություն չկա: Հիսուն տարի շարունակ, ավել կամ պակաս ակտիվությամբ Հայակական Սփյուռքը Ցեղասպանության խնդրով բախել է Եվրոպայի գրեթե բոլոր դռները ու քանի դեռ գլոբալ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան նպաստավոր էր ու ձեռնտու Եվրոպայի համար, խնդիրը կամ անտեսվում-շրջանցվում էր, կամ էլ ծառայում որպես մանրադրամ սեփական շահերի համար: Իսկ հիմա, երբ աշխարհաքաղաքական գլոբալ կոնյուկտուրան բավականին բարդ է ու ընդհանուր համաշխարհային ուժային կենտրոնների վերադասավորւմներ են կատարվում, ու այդ համատեքստում Էրդողանի վարչակազմն ընդգծված սերտ հարաբերություններ է մշակում Մոսկվայի ու Իրանի հետ, միանգամից Հայոց Ցեղասպանության խնդիրը դառնում է "արդարամիտ" Եվրոպայի համար մարդասիրական-բարոյական պարտք ու սկսում արծարծվել ամենատարբեր մակարդակներում' սկսած Հռոմի Սրբազան Քահանայապետից:

 

 

Սա մի տեսակ կասկածների առիթ է տալիս, ու նաև հիմք մտածելու, որ Եվրոպան ու Արևմուտքն առհասարակ Թուրքիային պատժում է ինչ -ինչ բաների համար Հայոց Ցեղասպանությամբ: Եվրոպան ծեր աղվես է ու գիտի ինչ է անում և հավանաբար, երբ իր ուզածին հասնի, այդ ժամանակ երևի հենց Սուրբ Աթոռից առաջին ձայն-ծպտուն կտրողները հայտնվեն: Դա փաստ է ու հիմնավորված պատմականորեն. Ս Աթոռը դեռ տասնվեցերորդ դարում իր շահի համար շատ բաների ձայն չի հանել, Սուլեյման Քանունի սուլթանի բարեկամությունը չկորցնելու համար, որովհետև գիտեր, որ Լյութերը նաև թուրքական Սերալից եկող ոսկիներով էր ֆինանսավորվում Եվրոպայում կրոնա-դավանական երկպառակտությունն իրագործելու համար, ու պետք էր լեզուն լուռ անել ու այդպես զսպել Քանունիին: Այնպես որ, եթե մի քիչ ավելի սառը մտածենք, ապա Չիչեքի խոսքում կա ճշմարտության հատիկ:

 

 

Արման Գրիգորյան