Եվրոպայում գնալով ուժեղանում է տենդենցը՝ Հայոց ցեղասպանությունը որպես քաղաքակրթությունների պատերազմ հրահրելու միջոց օգտագործելու։ Եվրոպական մամուլում գնալով ավելի են հաճախակիանում Ցեղասպանության վերաբերյալ հրապարակումները, որտեղ հիմնական մեղադրական շեշտադրումները գնում են ոչ այնքան Թուրքիայի ու թուրքերի դեմ, որքան Իսլամի։ Սա շատ վտանգավոր տենդենց է, որովհետև այդ «Քաղաքակրթությունների պատերազմ» կոնցեպտն ինքնին ենթադրում է աշխարհի բևեռացում ծայրահեղական մի քանի ճամբարների ու այդ բևեռացման մեջ իշխելու է ատելության և անհանդուրժողականության ոգին, իսկ Հայկական հարցը դառնալու է դա հրահրող գործոններից մեկը։
Սա իր մեջ վտանգ է պարունակում նաև մեր համար, քանի որ Արևմուտքի ու Իսլամական աշխարհի նման ռադիկալ բևեռացման պատճառներից դառնալու պարագայում, Հայկական հարցն ու առհասարակ՝ Հայաստանը սկսելու է բացասական ընկալում ձեռք բերել իսլամական երկրներում, նույնիսկ այն երկրներում, որոնք բարիդրացիական ու նույնիսկ դաշնակցական հարաբերությունների մեջ են մեզ հետ։
Ու հարց է առաջանում, թե որքանով է մեր շահերից բխում Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը՝ Արևմտյան լրատվական դաշտում, եթե մենք չունենք մեխանիզմներ՝ շեշտադրումները կարգավորելու ու վերահսկելու։
Գոռ Սաղաթելյան