Շառաչուն ապտակ Թուրքիային, ազերիներին և այլ նմաններին…


Ինչպես միշտ գրում եմ մի փոքր ուշացումով' իրադարձությունը, երևույթը, միջադեպը վերապրելով, անցկացնելով հոգուս, սրտիս պրիզմայով, գնահատելով ու վերագնահատելով, դուրս գալով պահի, իրավիճակի զգացմունքային գնահատականներից…


Հայոց Ցողասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որը մատուցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը աննախադեպ էր ու պատմական:


Զգացողություններս հակասական էին. ցավ, կսկիծ, հպարտություն, բավարարվածություն, հոգեկան հանգստություն և հատկապես ցավի, ողբերգության ճանաչման բաղձալի բարձրաձայնում…Վատիկանից համայն աշխարհին հիշեցվեց ու բարձրաձայնվեց, Ֆրանցիսկոս պապի շուրթերից հնչեցվեց մարդկության պատմության առաջին ցեղասպանության' Հայոց Մեծ Եղեռնի մասին:


Սիրտս ցավից, հուզմունքից կծկված էր, բայց հպարտությունից, պահի վեհությունից' երջանկացած…Սուրբ Պետրոս եկեղեցու վեհաշուք, տիեզերական, սրբագործված, հրեշտակային մթնոլորտը, հայկական ծիրանափողի, երգչախմբերի, Նարեկացու, լատինա-հայկական աղոթքների, ողջ մթնոլորտի գեղեցիկ, աստվածային ոգին անկրկնելի էր ու հրաշք…


Վատիկանից հայկական դիվանագիտական շառաչուն ապտակ հասցվեց Թուրքիային, ազերիներին, մարդկային այդ ահավոր ողբերգությունը չճանաչած պետություններին, պետական և քաղաքական գործիչներին, կեղծավորությամբ, երեսպաշտությամբ ու երկակի սկզբունքներով առաջնորդվող մարդանմաններին:


Վատիկանը, կաթողիկոսարանները, սփյուռքը և հատկապես Վատիկանում Հայաստանի դեսպանատունը' դեսպան Միքայել Մինասյանի գլխավորությամբ, տիտանական աշխատանք էին կատարել ամենայն պատասխանատվությամբ և իրադարձության պատմական պահը վեհաշուք և բարձրաճաշակ ներկայացնելու ուղղությամբ:


Սա′, անշու′շտ, Ցեղասպանության մեկդարյա տարելիցի, զոհվածների հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումների տիեզերական, աստվածային պսակն էր, գագաթնակետը…

 

 

Ռոբերտ Մելքոնյան