Շատերը գովերգում են Օբամային, նրան համարելով ԱՄՆ-ի ամենախելացի ու հաջողված նախագահը, «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և համաձայնագրի ստորագրությունը համարում են պատմական իրադարձություն, այն համարելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի ու նոր վարչակազմի մեծագույն ձեռքբերումը:


Մինչդեռ այդ բանակցությունները սկսելու պատճառը, շարժառիթը Ռուսաստանն է ու քայլն ինչ-որ տեղ հարկադրական: Միացյալ նահանգները, Արևմուտքն առհասարակ հապճեպությամբ փորձում են նման քաղաքականությամբ Ռուսաստանին մեկուսացնել և դուրս թողնել աշխարհաքաղաքական գործընթացներից: Իսկ Իրանն այդ առումով շատ մեծ դերակատարում կարող է ունենալ իր աշխարհագրական դիրքով, նավթի, գազի մեծ պաշարներով և իսլամական աշխարհում ունեցած դերակատարումով:


Տնտեսական էմբարգոն վերացնելու դեպքում միջազգային շուկայում կտրուկ կընկնի էներգակիրների գինը և լուրջ հարված կլինի Ռուսաստանի խարխլված տնտեսությանը:


Հավանաբար Արևմուտքի հաջորդ ուղղությունը Չինաստանն է և ջանք ու եռանդ չեն խնայի այստեղ ևս փորձել փոխադարձ շահերի, նպատակների, աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ ընդհանուր եզրեր ու շահավետ փոխզիջումներ փնտրել: Եթե այս էլ իրականություն դառնա, ապա Ռուսաստանը կհայտնվի շատ ահավոր ու աննախանձելի իրավիճակում… Չնայած Չինաստանն էլ կարծես արդեն ձգտում է իր ուրույն և ինքնուրույն դերակատարությունն ունենալ աշխարհաքաղաքական և ներկա բարդ իրավիճակում, և խաղալ իր խաղը, ցույց տալ իր կարևորությունն ու մեծ դերը:


Սակայն մեզ համար, ներկայումս, ամենակարևորը նա է, որ կարողանանք այս բարդ, հակասական, լարված և միաժամանակ լուջ իրավիճակում ճիշտ կողմնորոշվենք և գտնենք մեր տեղը և այդ առումով հայկական դիվանագիտությունը, իշխանությունները կանգնած են չափազանց բարդ խնդիրների առաջ:
ԵՏՄ, Ասոցացման համաձայնագիր, Չինաստանի հետ համագործակցության խորացում, մեր պատմական անարդարության, տնտեսական փոխշահավետ հարաբերությունների, Արցախի, երկրի պաշտպանության հետ կապված խնդիրներ…Սրանք պրոբլեմներ են, որոնք բարդ են, շատ լուրջ և պետք է մշտապես գտնվեն ուշադրության կենտրոնում ու ցանկացած նույնիսկ ամենափոքր վրիպումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ մեզ համար: Չնայած «վեցյակի» ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս միջանկյալ բնույթ են կրում, սակայն մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի ու փորձենք տարբեր իրավիճակում կորուստներ չունենալ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան