«Պետական քաղաքականություն» եզրույթն ընդհանրացնող բնույթ ունի և սովորաբար ենթադրել է տալիս, որ պետության անունից հանդես եկող պաշտոնատար անձինք ներկայացնում են տվյալ երկրի ժողովրդին: Մինչդեռ, իրականում, այդ «պետական քաղաքականություն» կոչվածը կառավարող վերնախավի գործնականում վարած քաղաքականությունն է և հաճախ հանդիսանում է իշխանությունը բռնազավթած մի որևէ խմբավորման՝ ինչ-ինչ արտաքին շահեր սպասարկող սեփական երկրի ժողովրդի արմատական կենսական շահերի դեմ իրականացվող գործունեություն: Առհասարակ քաղաքականություն վարելու կարողունակությունը կարելի է ստորաբաժանել երեք հիմնական մակարդակների:

 

Առաջին՝ ստորին, մակարդակը բնութագրվում է կառավարող վերնախավի բացառապես սեփական վերարտադրելիությունն ու նյութական շահերի պաշտպանվածությունն ապահովելու ընթացիկ ու այժմեական խնդիրը լուծելու ուղղվածությամբ, որը և դիտարկվում է, որպես ռազմավարական գերակա նպատակ: Այս մակարդակի քաղաքական մտածողության տեր վերնախավը նշված խնդիրը ինքնուրույն լուծելու հնարավորություններ համարյա չունի ու ակտիվորեն արտաքին աջակցություն է փնտրում ներքին ընդվզումը չեզոքացնելու և զավթված ֆինանսատնտեսական լծակներն իր ձեռքին պահելու համար: Կարելի է ասել, որ սա կամակատարի մակարդակ է, որին համապատասխանում են աշխարհի պետությունների մեծամասնությունը: Երկրորդ կամ միջին մակարդակը՝ այլոց քաղաքական վարքագիծ թելադրողի մակարդակն է:

 

 

Սա գլոբալ բնույթի քաղաքական օրակարգ ձևավորելու, աշխարհաքաղաքական գործընթացներն ուղղորդելու ունակ վերնախավին բնորոշ քաղաքական մտածողության մակարդակն: Երկրորդ մակարդակի քաղաքական մտածողության տեր վերնախավն այլոց համախմբելու և իր շահերին ծառայեցնելու ունակություն ունի ոչ միայն այն պատճառով, որ տիրապետում է բավարար նյութական ու մարդկային ռեսուրսների, այլև որովհետև ունակ է կանխորոշել ու կառուցել իր համար ցանկալի համամարդկային ապագան: Այս որակն ունեցող վերնախավերը ոչ միայն արդեն իսկ ապահովել են իրենց վերարտադրելիությունն ու տնտեսական շահերի սրբազան անձեռնմխելիությունը, այլև ունակ են կառուցել մարդկության ապագան իրենց շահերին համապատասխանող սցենարների գործադրման միջոցով: Կարևոր է ընդգծել նաև, որ երկրորդ մակարդակի քաղաքական մտածողություն ունեցող վերնախավերն իրենց շահերի գերակայությունն ապահովում են ոչ միայն ապագան ծրագրավորելու, այլև անցյալը վերափոխել-վերաիմաստավորելու միջոցով: Քաղաքական մտածողության երրորդ մակարդակը վերնախավերի շահերի շրջանակից դուրս է:

 

 

 

Արման Մելիքյան