Հասկանալի է, որ անկախությունից ի վեր մեր հասարակությունը քաղաքական գործիչների կողմից այնքան խոստումներ է լսել, որ հիմա շատերիս համար դժվար է այդ ամենում թացն ու չորը իրարից տարբերելը: Դրա համար էլ դաշտը բաց է և ըստ էության ով ինչ ուզում, ասում է: Բայց... ժամանակի ընթացքում գալիս է մի պահ, երբ այդ խոստումները վերածվում են հասարակությանը ուղղված մարտահրավերի: Իսկ տրանսֆորմացիան տեղի է ունենում շատ պարզ տարբերակով' երբ առաջարկվում է հակասահմանադրական ճանապարհով պետությունը վերադարձնել սահմանադրականության ուղի, դա արդեն իսկ մարտահրավեր է, երբ այլ փաթեթավորմամբ քեզ կանգնեցնում են քրեական և քաղաքացիական օրենսգրքերով պատժվելու վտանգի առաջ, դա արդեն մարտահրավեր է, երբ քեզ նույն փաթեթավորմամբ առաջարկվում է զենքի փոխարեն բամբակյա մահակ վերցնել ու պայքարել, դա արդեն մարտահրավեր է, որովհետև դեբոշի պահին, երբ համոզվում ես, որ բամբակը չի օգնում, վերցնում ես կողքիդ քարն ու տալիս կողքինիդ գլխին, կամ մեռնում ես կամ էլ հետո ճաղերի հետևում հայտնվում, երբ քեզ առաջարկվում է չգիտես որտեղից հիմնավորված պայծառ ապագա, դա նշանակում է, որ անորոշությունը շատ մոտ է, երբ քեզ քցում են թասիբի, թե մեզ հետ չես ուրեմն մեր դեմ ես, նշանակում է, որ դու ուղղակի գործիք ես, որը ամեն կերպ չպետք է «հակառակորդի» զինանոցում լինի ու այսպես շարունակ: Ամենավտանգավորը' երբ քեզ ասում են, դու ես որոշել միանալ այս ամենին, որովհետև փոփոխություն էիր ուզում, նշանակում է, որ ինչ էլ լինի քո հետ' եղբայր պատասխանատվությունը ինքդ էս կրում, չէիր ուզում' չգայիր:


Այս բոլոր խոստում-մարտահրավերների ազդեցությունը հիմա զգում են արաբական աշխարհում, երբ շատերը կուտը ուտելուց առաջ այս ամենը ուղղակի խոստում էին համարում: Ու կապ չունի, ով է այս ամենի հեղինակը, նմանապես կապ չունի, սա Հայաստանում է լինում, թե ասենք ԱՄՆ-ում կամ Տուվալուում: Փաստը մնում է փաստ, որ էս ամեն ինչը քաղաքական օրակարգի հետ կապ չունի, հետևաբար էլ քաղաքականության հետ կապ չունի: Բայց մեր դեպքում մի բան հուսադրող է' ինչքան էլ վատը լինի օրվա իշխանությունը, ինչքան էլ հիասթափված լինի մեր ժողովուրդը, միևնույնն է մենք «արաբական փողոցի» գենետիկան չունենք ու մեր համար մերժելի է քաղաքացիական պատերազմի բերող ցանկացած բան: Ափսոս, որ մարդիկ ուղղակի ժամանակ են սպանում:

 

 

Կնյազ Սարոյան