Ամերիկյան «Mercer» հայտնի խորհրդատվական ընկերությունը օրերս հրապարակել է աշխարհի 230 քաղաքների վարկանիշային աղյուսակը' ըստ կյանքի որակի: Ընկերության գնահատման չափանիշներով 230 քաղաքների շարքում Երևանը զբաղեցրել է 183-րդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ մեր մայրաքաղաքը նկատելիորեն ավելի լավ դիրքերում է, քան հարավկովկասյան մյուս երկրների մայրաքաղաքները: Թբիլիսին հայտնվել է' 194-րդ, իսկ Բաքուն' 197-րդ տեղերում:
Մենք լավագույնն ենք նաև հետխորհրդային մյուս պետությունների հետ համեմատած' չհաշված մերձբալթյան պետություններին:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է 39 չափորոշիչների հիման վրա' հանցավորության մակարդակ, քաղաքական կայունություն, բժշկական օգնության որակ, տրանսպորտի աշխատանք, սրճարանների, ռեստորանների, զվարճանքի այլ օբյեկտների, մշակույթի օջախների, հանգստի գոտիների առկայություն:
Շատ լավ է, հոյակապ է, հիասքանչ…Սակայն այս լավ լուրը չգիտես ինչու, համոզված եմ, միտումնավոր անտեսվեց գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից կամ զետեղվեց իրենց թերթերի «արվարձաններում»:
Եթե Երևանը այդ երկու քաղաքներին զիջեր անգամ մեկ նիշով, ապա ես պատկերացնում եմ եմ, թե ինչ վայնասուն կբարձրացնեին, ինչեր կհաչային, ինչ հորթային հրճվանքով «կլուսաբանեին» առաջին էջերում ու կսկսեին իրենց հերթապահ շահարկումները արտագաղթի, կենսամակարդակի ու մնացած թեմաների շուրջ…
Ռոբերտ Մելքոնյան