Այսօր պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Քուվեյթ: Նշենք, որ պատվիրակությունը բավականին ներկայացուցչական է, քանի որ նրանում բացի կառավարության ղեկավարից, ընդգրկված են նաև մի շարք նախարարներ:

Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունենալու Քուվեյթի Պետության ղեկավարի, խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ:

Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի նաև Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին:

 

 

 

Ինչպես տեսնում ենք, հանդիպումների շարքում գերակշռում են տնտեսական ոլորտի կառույցների ու հատկապես ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, ինչը խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ քննարկվելու են ՀՀ-ում նոր ներդրումներ կատարելու հետ կապված հարցեր:

Քուվեյթի հարուստ կազմակերպություններին կներկայացվեն ներդրումային փաթեթներ ու նախագծեր: Այդ ուղղությամբ, անշուշտ, որոշակի բանակցություններ կտարվեն նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թե ինչ արդյունք կտա այդ ամենը, կերևա առաջիկայում, բայց որ այս պահին ՀՀ կառավարական պատվիրակությունը նոր ներդրումների փնտրտուքի արդյունքում է գտնվում Քուվեյթում, դրանում կարող ենք վստահ լինել:

 

 

 

 

 

 

 

 

 

Անահիտ Գրիգորյան