Հիգիենայի տարրական կանոնների պահպանումը առողջության պահպանման կարևոր կետերից մեկն է: Բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ առաջանում են հենց հիգիենան չպահպանելու հետևանքով: Մեծ Բրիտանիայում վերջերս լայնամասշտապ ուսումնասիրություն է իրականացվել պարզելու համար, թե արդյոք մարդիկ զուգարան այցելելուց հետո լվանում են իրենց ձեռքերը:

 


Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են: 100 հազար մասնակիցների մեծ մասը խոստովանել է, որ չի լվանում ձեռքերը. Տղամարդկանց 62 տոկոսը և կանանց 40 տոկոսը:
Մասնագետները նշում են, որ զուգարանից հետո ձեռքերը չլվանալը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և մի շարք բակտերիաների ներթափանցման: Հիգիենայի այս կանոնին չհետևելը կրկնակի վտանգավոր է թույլ իմունիտետով մարդկանց համար: Մասնավորապես հիվանդանոցներում պառկած անձինք պետք է խստագույնս հետևեն այս կանոնին, քանի որ արդենիսկ թույլ դիմադրողականությամբ օրգանիզմ բակտերիաների ներթափանցումը կարող է բարդացումների պատճառ դառնալ, երբեմն էլ մահվան ելքով:

 


Մեկ այլ հետազոտություն վերջերս ցույց է տվել, որ գրասենյակային պայմաններում տարբեր իրերի վրա բնակվում է ավելի քան 10 միլիոն բակտերիա: Դրանք հաշված ժամերի ընթացքում մարդկանց միջոցով անընդհատ տեղափոխվում և տարածվում են: Համաձայն հետազոտության, գրասենյակի աշխատակիցների 60 տոկոսը 1-2 ժամվա ընթացքում դառնում է բակտերիաների կրող: Դրանց մասամբ չեզոքացնելու միակ ձևը ձեռքերը հաճախակի լվանալն է:

 


Հիգիենայի և առողջության պահպանման եվրասիական համագործակցության կենտրոնի կատարած ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ զարգացած և զարգացող երկրներում հաճախ մարդիկ ավելի անուշադիր են հիգիենայի պահպանման առումով, քանի որ վստահ են, որ շրջակա միջավայրը համեմատաբար ախտահանված է: Նրանց հարցումները ցույց են տվել, որ որպես զբոսաշրջիկ երրորդ երկրներ (չզարգացած) մեկնողները մի քանի անգամ ավելի ուշադիր են հիգիենայի նկատմամաբ, քան հայրենի երկրում: