Ադրբեջանը կրկկին ձեռնամուխ է եղել սրելու սահմանային լարվածության աստիճանը ու հիմա, առավել քան երբևէ, հասկանալի է ալիևյան ռեժիմի հիմնական մոտիվը՝ դա անելու. մանաթը ավել տխուր վիճակում է հիմա, քան դրամն էր՝ դեկտեմբերին ու որպես հետևանք՝ հասարակ ժողովրդի առանց այն էլ վատ վիճակը դառնում է անտանելի։
Ադրբեջանի պարագայում սա կրկնակի խնդրահարույց է, քանի որ եթե մեր մոտ դեռ գոնե պատրանքային ֆոն են ապահովում ու մեղմող ներքին մեխանիզմներ են գործարկում՝ ժողովրդական դժգոհությունը կառավարելիության տիիրույթում պահելու համար, ապա Ադրբեջանում բոլոր խնդիրների ու բարդությունների դեպքում ունեն միևնույն մեղավորը՝ մեզ։
Ու հիմա կատարվում է պարզապես այն, որ Ալիևը հերթական անգամ ուզում է շեղել ժողովրդական ցասման ալիքը և ուղղել այն հայերիս դեմ։ Ըստ այդմ, կարելի է ակնկալել, որ առաջիկայում սահմանային լարվածությունը միայն ավելի է աճելու, որովհետև ոչ մի նախանշան չկա, որ ադրբեջանական տնտեսությանը որևէ լավ հեռանկար սպասի մոտ ապագայում, իսկ հարցի լուծման այլ մեխանիզմ, բացի նկարագրածիցս, այնտեղ պարապես չեն մոգոնել։ Այլ կերպ ասած՝ Ալիևը հիմա բարդ դիլեմայի առջև է կանգնած. շարունակել սադրանքները սահմանին, ինչը կարող է վերաճել լիարժեք պատերազմի (վիճակն առանց այն էլ գերլարված է)՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի ու կանխատեսելի բացասական հետևանքներով, կամ էլ չանել ոչինչ սահմանին ու հայտնվել Բաքվում Մայդան ունենալու իրական հեռանկարին։
Գեղամ Ասլամազյան