«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության ուղղակի գործունեության ոլորտ հանդիսացող Սիրիայի և Իրաքի առանձին շրջաններից, ինչպես նաև նրանց անմիջական հարևանությամբ գտնվող պետություններից բացի, կառույցն էական սպառնալիքի է վերածվել նաև արաբական մեկ այլ առանցքային պետության՝ Եգիպտոսի համար: Բանն այն է, որ իսլամականները Եգիպտոսին սպառնում են միաժամանակ երկրի արևելքից՝ Սինայի թերակղզուց, որտեղ տարիներ շարունակ եգիպտական իշխանությունների դեմ պայքարող «Անսար Բայթ ալ-Մակդիս» ծայրահեղական կազմակերպությունը 2014 թ. նոյեմբերին հավատարմության երդում էր տվել ԻՊ-ին՝ վերանվանվելով «Վիլայաթ Սինայ», ինչպես նաև արևմուտքից՝ Լիբիայի տարածքից: Վերջին շրջանում հատկապես երկրի արևելյան և կենտրոնական շրջաններում՝ Բենղազիում, Սիրտում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում ԻՊ-ի բջիջները, որոնց թիրախ են հանդիսանում, Իրաքի և Սիրիայի օրինակով, հատկապես Լիբիայի էներգակիրներով հարուստ շրջանները:
Դարձյալ Իրաքի և Սիրիայի օրինակով՝ ԻՊ-ի լիբիական բջիջները ևս իրենց գործունեությունն այդ երկրում ծավալում են ընդգծված դաժանությամբ՝ հավակնություններ ցուցաբերելով նաև հարևան պետությունների նկատմամբ:
Այս համատեքստում, հատկապես ուշագրավ է փետրվարի 15-ին իսլամականների կողմից՝ 21 եգիպտացի քրիստոնյա ղպտիներին ԻՊ-ի սիմվոլիկայով Միջերկրականի ափին գլխատելու վերաբերյլալ տեսահոլովակի տարածումը. իրենց այդ քայլը նրանք հիմնավորում են որպես պատասխան՝ ղպտիների կողմից 2 եգիպտացի մուսուլման կանանց կտտանքների ենթարկելու և բռնի կերպով քրիստոնեություն պարտադրելու դեպքի:
Միջադեպի առնչությամբ փետրվարի 16-ի վաղ առավոտյան եգիպտական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Արաբական Հանրապետության նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսին, ով երկրում 7-օրյա սուգ է հայտարարել, հանձնարարականներ տվել դեպի Լիբիա քաղաքացիների մեկնման արգելքի, Լիբիայից եգիպտացիների էվակուացման վերաբերյալ, ինչպես նաև խոստացել իսլամակնների դեմ համարժեք հաշվեհարդար տեսնելու մասին: Հայտարարված պատասխան գործողությունները լինելու են օդային ճանապարհով՝ Լիբիային սահմանակից ծովափնյա Մասրա Մատրուհ քաղաքում տեղակայված եգիպտական ավիաբազայից, որտեղից արդեն իսկ իրականացվել են եգիպտական ռազմական օդուժի առաջին հարվածներն ԻՊ-ի դիրքերին լիբիական Դառնա քաղաքում:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ ղպտիների գլխատման վերաբերյալ տեսահոլովակում մահապատիժ իրականացրած ջիհադականը, դարձյալ ԻՊ-ի ոճով, սպառնում է նաև Արևմուտքին: Հոլովակի վերջում հնչում են հետևյալ խոսքերը. «Մենք գտնվում ենք Հռոմից հարավ, և խաչակիրները կարող են միայն երազել անվտանգության մասին... քանի որ ողջ Արևմուտքը պայքարում է ԻՊ-ի դեմ, մենք պայքարում ենք ամբողջ Արևմուտքի դեմ... Մենք գրավելու ենք Հռոմը»:
Արմեն Պետրոսյան