Հունվարի 26-ից սկսվում է տարվա առաջին պահքը՝ Առաջավորաց պահքը, որը ժամանակային առումով հիմնականում նախորդում է Սուրբ Սարգսի տոնին:
Qahana.am-ի փոխանցմամբ՝ այն տևում է հինգ օր' այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ:
Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել:
Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը' վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել:
Վրեժ Հովսեփյան