Եթե արդեն դիտել եք Ջիմ Ջարմուշի «Coffee and Cigarettes» ֆիլմը և այն ձեզ դուր չի եկել, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ դիտել: Սա այն կինոստեղծագործություններից է, որն ինչքան դիտես' այնքան ավելի շատ կհավանես:


«Coffee and Cigarettes» ֆիլմը բաղկացած է 11 սև-սպիտակ նովելներից, որոնց միակ կապող օղակն է հանդիսանում հենց սուրճի և ծխախոտի կոմբինացիան:


Նովելների հերոսները զրուցում են, սուրճ խմում և ծխում: Երբ առաջին անգամ դիտեցի, մտքիս միայն մի բան էր. ֆիլմը ոչ մի բանի մասին է: Այն ձանձրալ էր, տաղտկալի ու դժվար դիտվող: Նույնիսկ ֆիլմի աստղային կազմը (Իգգի Պոպ, Ռոբերտո Բենինի, Քեյթ Բլանշեթ, Բիլ Մյուրրեյ, Սթիվ Բուշեմի, Ալֆրեդ Մոլինա, Սթիվ Կուգան…) չէր փրկում իրավիճակը: Մինչև վերջ դիտեցի միայն հետաքրքրասիրությունից դրդված, որպեսզի տեսնեմ գոնե ինչ-որ բան, հանուն իչնի տանջվում էի այդ ժամուկեսի ընթացքում: Բայց հրաշք տեղի չունեցավ: Եվ դա զարմանալի չէ: Այն ոչ թե մասսայական ֆիլմ է, այլ' արտ-հաուս:

 

 


Երբ որոշ ժամանակ անց երկրորդ անգամ դիտեցի ֆիլմը, հասկացա, որ այն գնահատում էի բոլորովին այլ չափանիշներով: Բայց այս ֆիլմն ընդհանրապես չի կարելի գնահատել:


Ինչու՞մ է կայանում ռեժիսորական միտքը: Դետալներու´մ: Ինտոնացիաներ, ժեստեր, միջավայր, մանրունքներ… մի խոսքով' կյանքի դրևսորում: Նստած ես, հիմարություն ես դուրս տալիս, ծխում ես, սուրճ ես խմում, հետո վեր ես կենում ու գնում գործերով: Ամեն ինչ հասարակ է: Հենց դրա համար էլ պետք է հետևել ոչ թե ֆիլմի սյուժեին, այլ հերոսների մտքի ընթացքին: Ֆիլմում դերասանների խաղը գրեթե ամբողջությամբ իմպրովիզացիա է, որը հավանաբար նկարահանվել է 3 դուբլից ոչ ավել:


Այս ֆիլմն արժե նրա վրա ծախսած տարիներին:17 տարվա ռեժիսորական աշխատանք և հանդիսատեսի 1,5 ժամ ուշադրություն:


«Coffee and Cigarettes»-ի շուրջ կարելի է անվերջ մտորել:

 

 

Վահագն Արմենյան