Հայաստանը հերթական անգամ ներքաշվում է աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների մեջ: Կամ գուցե արդեն ներքաշվել է?...


Թուրքիայում' Ալիև-Էրդողան, Բեռլինում' Անգելա Մերկել-Ալիև հանդիպումները, Էրդողանի լկտի հրավերքը Հալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, Գերմանիայի' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր կատարելու ձգտումը… Այս ամենը պատահական զուգադիպություն չէ: Եթե ավելացնենք, որ միջազգային փորձագետները կասկածներ են հայտնում, որ Ռուսաստանը սկսել է «խաղեր» տալ Բալկաններում, որ Արևմուտքը մտավախություն ունի ռուսական «կայսրության» ընդլայնման հետ կապված և հատկապես վիճելի տարածքների հաշվին' Դոնբաս, Մերձդնեստր և Լեռնային Ղարաբաղ…Ապա այս կոնտեքստում ես պատահական չեմ համարում Գյումրու սպանդով հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու, իրադրությունը Հայաստանում ապակայունացնելու թուրքական-արևմտյան ծրագիրը: Այդ նույն շղթայում ամբողջովին տրամաբանական և «հասկանալի» է նաև Ադրբեջանի ակտիվացում հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմաններին և դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերն ու պատերազմ հրահրելու ակնհայտ մտադրությունը:


Այս ամենը մի մեծ շղթայի օղակներ են' շաղկապված, միահյուսված և ծրագրավորված…
Մի բան պարզ է' Մերկելը Պուտինի հետ իր սկզբունքային, լուրջ, անզիջում պայքարում' բացի Բալկաններից, այլևս զբաղվելու է նաև Լեռնային Ղարաբաղով:


Ցավոք պատմությունը կրկնվելու միտում ունի…Աստված ոչ անի…Շատ զգույշ ու կշռադատված քայլեր են պետք, Հայաստանը հիմա կարծես լարախաղացի կարգավիճակում լինի…Համախմբվել է պետք, միավորվել, օգտագործել համահայկական բոլոր ազդեցության միջոցները, Սփյուռքի, Հայրենիքի, Արցախի բոլոր հնարավորությունները: Կատարել նուրբ և նպատակասլաց քայլեր, պատռել Թուրքիայի դիմակը, պատմական իրողությունների խեղաթյուրման և պանթուրքական ծրագրի իրականացման նկրտումները, հակառակ դեպքում մենք էլի կունենանք միայն ու միայն կորուստներ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան