Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ ձիթապտղի յուղը դրականորեն է անդրադառնում պտղաբերության վրա եւ կարող է օգնել հղիանալ: Իրենց գաղափարն ապացուցելու համար նրանք 100 զույգի մասնակցությամբ փորձարկում են իրականացնում, որոնք մտադիր են դիմել ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) մեթոդին:

 

 


Բոլոր այդ զույգերը կսկսեն ակտիվորեն ձիթապտղի յուղ օգտագործել. վեց շաբաթվա ընթացքում նրանք պետք է ճաշ պատրաստեն՝ օգտագործելով միայն այդ յուղը, նույնպես դրանից պատրաստված սպրեդ ուտեն եւ ամեն օր խմեն վիտամին D-ով եւ օմեգա-3 ճարպաթթուներով հարստացված ըմպելիք:
Մասնակիցների մի խումբ էլ կլինի, որի անդամները ձիթապտղի յուղի փոխարեն արեւածաղկի յուղ կօգտագործեն, իսկ վիտամիններով ու հանքանյութերով հարուստ ըմպելիքի փոխարեն նրանց պլացեբո կտան: Այնուհետեւ այս խմբի տվյալնները կհամեմատեն հսկվող խմբի տվյալների հետ՝ տեսնելու համար, թե ինչպես է ձիթապտղի յուղով հարուստ սննդակարգն ազդել զույգերի պտղաբերության վրա:

 

 


Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների կարծիքով «ձիթապտղային» դիետայի օգնությամբ հղիանալու շանսերը պետք է աճեն 40 տոկոսով: Նրանք նաեւ հիշեցնում են, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղի բաղադրության մեջ պարունակվող օմեգա-3-ի հագեցած ճարպերն ԱՄԲ-ից հետո նպաստում են սաղմի արագ զարգացմանը:

 

 

 

Վրեժ Հովսեփյան