2015 թվականի հունվարի 1-ին ստեղծվեց Եվրասիական Տնտեսական միությունը, որին հունվարի 2-ին միացավ նաև Հայաստանը: Նոր միջազգային կառույցի ստեղծումը փաստացի նոր իրավիճակ ազդարարեց միջազգային հարաբերությունների դաշտում. թեև այն զուտ տնտեսական է, այն կապված է աշխարհաքաղաքական լրջագույն վերադասավորումների հետ, որոնք տեղի ունեցան 2014 թվականին և շարունակություն կունենան նաև այս տարում: Բացի այդ' Ռուսաստանի նախագահությունը ԲՌԻՔՍ-ում կխաղա այդ գործընթացների խոշորագույն կատալիզատորի դերը:
Անցած տարվա ընթացում բացահայտվեցին աշխարհաքաղաքական տարաձայնությունները, որոնք առկա էին միջազգային հարաբերությունների դաշտում վերջին տասնամյակի ընթացքում: Ավելի հստակ դարձավ, որ սուր պայքար է գնում միաբևեռ աշխարհի դեմ, և այդ պայքարում միավորվում են դարավոր մրցակիցները, բաժանվում' բարեկամ և նույնիսկ եղբայր ժողովուրդները: Հարաբերությունների պարզաբանման տարվա հիմնական թատերաբեմը դարձավ Ուկրաինան:
2013 թվականի աշնանը Կիևում ընթացքող հակակառավարական ցույցերի ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացներ, որ մի տարի անց կապրեն այլ երկրում, որը կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուժերի չափման հիմնական մրցադաշտը: Վաշինգտոնում և Բրյուսելում սխալմամբ թերագնահատում էին Մոսկվայի դերակատարությունն Ուկրաինայում, երբ փորձում էին Կիևը տանել իրենց համար ցանկալի ճանապարհով. Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը փաստացի դարձավ այդ երկրի տարածքային ամբողջականության մահվան վճիռը: Ելնելով ազգային անվտանգության պահանջներից' Ռուսաստանն առանց որևէ մի փամփուշտի Կիևում տեղի ուենցած փաստացի հեղաշրջումից հետո իրեն վերադարձրեց Ղրիմը: Թերակղզու նմանօրինակ միացումը ստացավ “հիբրիդային պատերազմ” անվանումը. Ղրիմը միացավ ինքնորոշման իրավունքի համաձայն' հանրաքվեի արդյունքում: Հունիսից Ուկրաինան թևակոխեց քաղաքացիական պատերազմի մեջ. Կիևից առանձնացան ռուսաբնակ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, երկրում տիրեց ծայրաստիճան ռուսատյացություն, որը դրսորվում էր բոլոր ոլորտներում:
Ռուսաստան – Արևմուտք հարաբերություններում առաջացած հակասությունններն ավելի հստակեցվեցին սեպտեմբերի 4- Կարդիֆ քաղաքում ընթացած Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարների 65-րդ վեհաժողովի ժամանակ: Թեև այն նախաձեռնել էին Աֆղանստանից զորքերի դուրսբերման, ինչպես նաև իրաքյան, սիրիական և լիբիական հարցերի քննարկման նպատակով, բայց ուկրաինական ճգնաժամի պայմաններում այլ բովանդակություն ստացավ: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում չհրավիրեցին ՌԴ ներկայացուցչին այն դեպքում, երբ քննարկվող հարցերի մեծ մասը կապված էր հենց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Արդյունքում' Ռուսաստանի դեմ սկսեցին կիրառվել պատժամիջոցներ, փորձ արվեց նավթի գնի կտրուկ իջեցումով տապալել ռուսական շուկան:
Բնական է, որ արևմտյան նախկին գործընկերների նման պահելաձևը Մոսկվային ստիպեց վերանայել իր ռազմավարությունը: Կրեմլը պաշտոնապես հայտարարեց, որ վերաթարմացնելու է հրթիռային համակարգը, իսկ միջուկային զենքը կարող է օգտագորևծել ոչ միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, այլ նաև' իր դաշնակիցների անվտաբգությունն ապահովելու համար: Կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան ՀԱՊԿ ռազմական ստորաբաժանումների շրջանակներում, դեկտեբերին Աբխազիայի հետ ստորագրեց հատուկ ռազմաքաղաքական պայմանագիր, որը, փաստացի ասոցացված դաշինք էր նախատեսում Ռուսաստանի հետ: Ավելին' ռուսական բազաների տեղադրման մասին պայմանագրեր ստորագրվեց նաև Վենեսուելայի, Կուբայի, Արգենտինայի հետ, դարակազմիկ տնտեսական, բայց ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող պայմանագիր ստորագրվեց Թուրքիայի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի համախմբեց 5 զարգացող երկրների' Բրազիլիայի, Ռոիսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական դաշինը' ընդդեմ ԱՄՆ և Եվրամիության, որի արդյունքում մեծ հարված հասցվեց դոլարին, որից սկսեցին հրաժարվել որպես միջազգային տարադրամ:
Ուկրայինայի շուրջ ստեղծված պայմաններում Լեհաստանը, Ռումինիան և Մերձբալթյան երկրները հանդես եկան իրենց տարածքներում ԱՄՆ ռազմական բազաների տեղակայման խնդրանքով, բայց հենց Վաշինգտոնի հաշվին: Որոշվեց մեկ տարվա ընթացքում ստեղծել արագ արձագանքման ստորաբաժանումները: Դրանք տեղակայվելու են Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, բայց հիմնական տեղակայման վայրը կլինի Լեհաստանը: Հատուկ արձագանքման ստորաբաժանումների զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 25 հազարի՝ բոլոր 28 երկրներից, ռոտացիոն կարգով: Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան և Նիդեռլանդներն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պայմանագիր են ստորագրել էքսպեդիցիոն կորպուս ստեղծելու մասին։ Նոր ռազմական ձևավորումը կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում՝ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, և կներառի դաշինքի նշված յոթ պետությունների ցամաքային ռազմուժը, ծովուժը և օդուժը։ Վեհաժողովում «ոսկե գործընկեր» կարգավիճակ ստացավ նաև Վրաստանը: Համաձայնեցվել է միջոցառումների մի փաթեթ, որն ուղղված է Վրաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը և ՆԱՏՕ-ին վերջինիս անդամակցության արագացմանը: Տարեվերջին Ուկրաինայի խորհրդարանը որոշում ընդունեց վերացնել դաշինքներն չմիանալու երկրի կարգավիճակը, որով հնարավորություն է տրվում միանալ ՆԱՏՕ-ին:
Փաստացի' աշխարհը մուտք գործեց 2015 թվականը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նոր «Սառը պատերազմի» պայմաններում: Եվ եթե Մոսկվայում ձգտում են պահպանել աշխարհի բազմաբևեռ մոդելը' ապա Վաշինգտոնում' հեռացնել ՌԴ նախագահ ՎՊուտինին որպես Միացյալ Նահանգների միահեծան կառավարման հիմնական սպառնալիք:
Բագրատ Մովսիսյան