Ստեղծագործ մարդիկ մեծ մասամբ Նոր տարին չեն զգում, քանի որ նրանց համար ամեն օրը, ամեն պահը նոր է։ Նրանք գնահատում են յուրաքանչյուր վայրկյանը, ինչպիսին էլ այն լինի։ Այդ պատճառով Նոր տարին նրանք չեն ընկալում որպես յուրահատուկ մի բան։


Կան նաև մարդիկ, որոնք «խավարում» են ապրում՝ գորշ ու մոնոտոն։ Նրանց ողջ էներգիան ուղղվում է ոչ թե ինչ-որ բան ստեղծելուն, այլ Նոր տարուն սպասելուն. ինչ-որ բան պետք է կատարվի, պետք է փոփոխություն լինի։ Նրանք մտածում են՝ ինչպես դիմավորեմ տարին, այդպես էլ կանցկացնեմ։


Իսկապես, Նոր տարուց առաջ արևմտյան հոգեբանական կենտրոններում կտրուկ նվազում է հոգեբանական խնդիրներով հաճախորդների թիվը. մարդիկ «կազմակերպում են» իրենց կյանքի իմաստը՝ հույս ունենալով, թե հրաշք տեղի կունենա։


Ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը նևրոզի երկու տեսակ է առանձնացնում՝ նոոգեն, որն առաջանում է կյանքի իմաստը կորցնելու պատճառով, և իրավիճակային, որն առաջանում է հանգամանքների բերումով։
Նևրոզի հիմնական տեսակը նոոգեն նևրոզն է։ Եթե մարդն ունի կյանքի իմաստ, նա, նույնիսկ քաղցած և աղքատ, միևնույնն է, կուրախանա կյանքով։ Տոնից օրեր առաջ նա տեսնում է կոնկրետ նպատակ՝ Նոր տարի, նրա մոտ կյանքի իմաստի խաբկանք է առաջանում, որի հետ կապված էլ նա այդ ընթացքում դեպրեսիայի մեջ չի ընկնում։ Այդ պատճառով ոչ թե Նոր տարին է գրավիչ, այլ դրան սպասելու գործընթացը. երազանքներն իրականացնելու համար մենք ամեն ինչի գնում ենք։


Հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք տանել չեն կարողանում տոները, հատկապես Նոր տարին։ Նրանց համար դա փորձություն է, տանջանք, որից նրանք փորձում են փախչել հեռու, անհետանալ։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք ինչ-որ ժամանակ հիասթափվել են հրաշքի սպասելիս։


Նոր տարին գաղտնիք ու հրաշք է, որի շնորհիվ շատերն ստեղծում են իրենց կյանքի իմաստը։ Բայց մենք դա պետք է անենք ոչ միայն Նոր տարուն, այլ ամեն օր ու ամեն վայրկյան։ Միայն այդ դեպքում մեզ չի այցելի հետամանորյա հիասթափությունը։ Միաժամանակ պետք չէ վերակենդանացնել անցյալի խաբկանքները, եթե չենք կառուցել նորերը, թե չէ հնարավոր է՝ կորցնենք կյանքի միակ իմաստը։
Վտանգավոր է նաև Նոր տարին ընկալել որպես զգացողությունների մի ժայռ։ Ավելի լավ է՝ այն լինի ոչ մեծ հաճելի բլրակ. բարձր ժայռից վայր ընկնելն ավելի ցավոտ է։


Հիշե՛ք, որ նևրոզը կարող է առաջանալ շրջապատի և Նոր տարվա նկատմամբ ձեր պահանջկոտության արդյունքում։ Ձեզ համար նվեր մի՛ փնտրեք տոնածառի տակ, ավելի լավ է՝ օգտվե՛ք տոնից և ուրիշների՛ն հաճելի անակնկալներ մատուցեք։ Եթե որևէ մեկի մասին մոռացել եք, այցելե՛ք նրան, նվե՛ր մատուցեք։
Նոր տարուն բոլորը երազանքներ են պահում, իսկ դուք գիտե՞ք, որ դրա իրականանալը կախված է մարդու տեսակից։ Ամեն հրաշալի բան կատարվում է միայն այն մարդկանց մոտ, որոնք կարողանում են իրենց ներշնչել։ Նրանք ստանում են այն, ինչ իրենց պետք է. հենց իրենք են կազմակերպում իրենց երազանքի իրականացումը։ Ավելի հաճախ սա բնութագրական է կանանց։


Ընդհանրապես Նոր տարին չի կարելի առանձնացնել «նոր»-ից. «նոր»-ն ու «սեր»-ը միասնական են։
Եթե մենք կորցնում ենք սիրելի մարդու մեջ ինչ-որ նոր բան բացահայտելու ունակությունը, նա դադարում է մեզ համար գոյություն ունենալ, և սերն անհետանում է։ Ինչո՞ւ է այս տոնը մեզ համար այդքան գրավիչ։ Որովհետև այն իր մեջ կրում է «նորի»-ի գաղտնիքը։ Բայց թող ձեզ համար «նոր»-ի կրողը յուրաքանչյուր ակնթարթը լինի, ոչ թե միայն այդ «կախարդական» գիշերը։


Ամեն դեպքում մենք մարդ ենք նրա համար, որ հրաշքի ծարավ ենք ու ձգտում ենք գաղտնիքների։