Վերջին շրջանում առավել հաճախակի է դարձել սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված տարաբնույթ ընդհատակյա ծրագրերի վերաբերյալ բավականաչափ ժլատ տեղեկատվության տարածումը: Դրանցից մասնավորապես կարելի է առանձնացնել սիրիական թնջուկի հանգուցալուծմանը միտված եգիպտական հնարավոր ծրագիրը՝ անձամբ այդ երկրի նախագահ Աբդ ալ Ֆաթահ ալ-Սիսիի հովանու ներքո: Բացի նշվածից, այս օրերին արաբական մի շարք ԶԼՄ-ներում միաժամանակ որոշ մանրամասներ հրապարակվեցին խնդրի վերաբերյալ ռուս-թուրքական բավականաչափ ուշագրավ և ամպագորգոռ պայմանավորվածությունների մասին:
Ըստ որոշ աղբյուրների՝ իբր Մոսկվայում հանդիպում է կազմակերպվելու սիրիական գործող վարչակարգի և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ. Մասնավորապես, իբրև թե հաջորդ ամսվա ընթացքում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադը, արտասիրիական գլխավոր հակակառավարական մարմնի՝ «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» նախկին առաջնորդ Ահմադ Մուազ ալ-Խատիբն, ինչպես նաև դարձյալ ընդդիմադիր դաշտից հանդես եկող, 2012թ. երկրից փախած ալ-Ասադի մանկության ընկեր գեներալ Մանաֆ Տլասը:
Նշվում է նաև, որ նման ծրագրի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած բանակցությունների ընթացքում: Հատկապես ընդգծվում է, որ թուրքական կողմը որոշակի տարակուսանք է հայտնել ալ-Ասադի՝ երկրից դուրս գալու հնարավորության հարցում, մինչդեռ ՍԱՀ նախագահի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու և պատերազմը դադարեցնելու հնարավոր պատրաստակամության հետ կապված երաշխիքներ է տվել անձամբ ՌԴ ղեկավարը:
Ինչ խոսք, բավականաչափ դժվար է նման տեղեկատվության արժանահավտության գնահատումը, մինչդեռ հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում սրված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Մոսկվայի վարած քաղաքականության մեջ ուրվագծվող շրջադարձային փոփոխությունները թույլ են տալիս կանխատեսելու, որ ռուսական իշխանությունների կողմից, այնուամենայնիվ, հնարավոր են որոշակի փոփոխություններ և առավել նախաձեռնողականություն նաև սիրիական հիմնախնդրի կարգավորման հարցում:
Ավելին, նման զարգացումների հնարավորության օգտին են խոսում նաև հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացած փոխայցելությունները սիրիական, ռուսական և իրանական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
Մինչդեռ մեկ այլ հարց է, անշուշտ,սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված այսօրինակ ծրագրերի արդյունավետության գործակցի հաշվարկումը, ինչը բնականաբար պայմանավորված է Սիրիայում առկա այնպիսի իրողություններով, ինչպիսիք են Արաբական Հանրապետության տարածքում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ, առավել ևս, ընդդիմության կողմից վերահսկվող տարածքների իրողությունն, իսլամական ծայրահեղ արմատական կառույցների՝ մասնավորապես՝ «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» կազմակերպությունների գործունեության հանգամանքը, քրդական գործոնը և այլն:
Վերոհիշյալ խնդիրներին դիմագրավելու հարցում ներկայում որոշակի գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան: Այս համատեքստում, ակնհայտ է՝ որևէ այլընտրանքային անգամ քաղաքական ծրագրի իրականացման արդյունավետությունը միանշանակորեն պայմանավորված կլինի սիրիական հիմնախնդրում ներգրավված բոլոր արտասիրիական ուժերի միասնական և միահամուռ գործունեության, համագործակցության պայմաններում, ինչն, ըստ էության, առկա աշխարհաքաղաքական և մերձավորարևելյան գործընթացների համատեքստում պարզապես անհնարին է. հետևաբար, անհերքելի է՝ ճգնաժամը Սիրիայում, արդեն նաև Իրաքում, հեռանկարում հնարավոր է՝ Լիբանանում, էլ ավելի կխորանա:
Արմեն Պետրոսյան