Տպավորություն է ստեղծվել՝ հասարակության մեջ իշխում են այնպիսի մտավախություններ, որ դրամն անընդհատ, անսպառ կարող է արժեզրկվել, երկրում ապրանքները կարող են սպառվել, ու իրենք էլ կմնան զրկված ամեն ինչից՝ հացից սկսած, մինչև հեռախոս ու հեռուստացույց:

 


Պարզապես յուրաքանչյուրս պետք է հասկանա, որ արտարժույթի շուկայում առավելապես խուճապի հետևանքով դոլարի գերարժևորում է տեղի ունեցել, բայց այն չի կարող անընդհատ շարունակվել:
Ինչպես և ցանկացած ապրանքի դեպքում՝ դոլարի գինը, այսինքն փոխարժեքը, նույնպես բարձրանում է, սակայն կա որոշակի սահման, որից այն կողմ անիմաստ է դառնում դրա բարձրացումը: Այդպես է նաև մեզ մոտ, պարզապես խնդիրն այն է, որ մարդիկ իներցիայի ուժով անընդհատ պահանջարկ են ներկայացնում դոլարի նկատմամբ, անկախ նրանից՝ պետք է դա իրենց, թե ոչ:

 

 


Նման անհարկի պահանջարկն էլ ստիպում է բանկերին անընդհատ բարձրացնել փոխարժեքը: Այդ բարձրացման ու դոլար չվաճառելու հետևանքով տուժում են գործարարները և առևտրականները, որոնք չեն կարողանում դոլար հայթայթել և դրսի հետ գործարքներ կնքել:
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր անհարկի մտավախությունները և դոլարի անիմաստ որոնումները շարունակաբար սրում են ստեղծված վիճակը, ինչն էլ ի վերջո վնասում է հենց իրենց:

 

 

 

Հայկ Համբարձումյան