Երկու օր առաջ տեղի ունեցավ «եռյակի» հերթական հրապարակային միջոցառումը, որը նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Ինչպես և սպասվում էր, «եռյակի» առաջնորդներից իր ծանր տեղը թեթևացրեց միայն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը նախընտրեցին դիտորդի դերը:


Սակայն այս հավաքի հետ կապված հետաքրքիրը ոչ թե «եռյակի» ղեկավարության պասիվությունն է, այլ միմյանց հրապարակայնորեն «մեսիջներ» փոխանցելու հանգամանքը, որն արդեն վերածվում է ավանդույթի: Րաֆֆին եկավ Ազատության հրապարակ և լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ «մյուսներն» էլ պետք է այստեղ լինեին: Սակայն այն, ինչ երեկ արեց ԲՀԿ-ն, գերազանցեց և ստվերում թողեց Րաֆֆիի դժգոհությունը: Ինչպես հայտնի է, «Ժառանգությունը» բացահայտ, իսկ ՀԱԿ-ը առայժմ թաքուն բողոքում են «եռյակում» ԲՀԿ-ի լիդերությունից և պահանջում են հավասարություն: Դրան ի պատասխան ԲՀԿ-ն օգտագործեց դեկտեմբերի 10-ի հանրահավաքը' ցույց տալու համար, որ ինքն իրոք հանդիսանում է «եռյակի» լիդերն ու եղանակ ստեղծողը: Եվ այսպես, դեկտեմբերի 10-ի հավաք-երթը նախատեսված էր սկսել ժամը 13:00-ին, սակայն այն սկսվեց մոտ կես ժամ ուշացումով, որովհետև ժամը 13:00-ի դրությամբ Ազատության հրապարակում հավաքվել էր ընդամենը 300-400 մարդ: Դրանք հիմնականում ՀԱԿ-ի կողմնակիցներն էին, իսկ ԲՀԿ-ի զանգվածը հավաքվել էր Ազատության հրապարակից բավականին հեռու և սպասում էր: Միայն մոտ 20 րոպե սպասելուց հետո մեծաքանակ ԲՀԿ-ականները մեծ շուքով և ցուցադրաբար միացան Ազատության հրապարակում իրենց սպասող կոնգրեսականներին ու միայնակ Րաֆֆիին' ընդգծելով, որ հավաքվածների մեծամասնությունն իրենց կողմնակիցներն են: Ի դեպ, ԲՀԿ-ականների քանակի մասին. ասում են, որ նրանց թվում են եղել նաև Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, ովքեր եղանակային պայմաններից ելնելով ձմռան ամիսներին հիմնականում չեն աշխատում և գտնվում են պարտադիր պարապուրդում: Երևի հենց այդ պատճառով էլ որոշել էին ազատ ժամանակ հանրահավաքին մասնակցելով գումար աշխատել:


Հասկանալի է, որ այս փոքրիկ, բայց խոսուն «ֆլեշ-մոբի» միջոցով ԲՀԿ-ն հերթական անգամ իր գործընկերներին ցույց տվեց, թե ով է դրության տերը, ում շնորհիվ է միջոցառումների ժամանակ մարդաքանակ ապահովվում և ով է դրա համար վճարում:


Ինչ վերաբերվում է գրվածի հավաստիությանը և ԲՀԿ-ականների սպասվելիք հերքումներին, ապա նշեմ, որ ինձանից բացի դրա ականատեսն են եղել այդ պահին Ազատության հրապարակում և հարակից տարածքում գտնվող հարյուրավոր մարդիկ: Նաև ասեմ, որ ամենևին էլ «եռյակի» կողմնակից չեմ, պարզապես այդ ժամին այցելել էի Ազատության հրապարակ' վստահ լինելով, որ նմանատիպ որևէ շոուի ականատես կլինեմ:

 

 

Սարգիս Բալայան