ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Այցի շրջանակում նախատեսված է Հ. Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպումը չի կայանա, քանի որ վերջինս գտնվում է արտերկրում՝ բուժում անցնելու նպատակով:
Նշված այցը շատ կարևոր է հատկապես այն առումով, որ մի շարք կարևոր հարցեր կդառնան երկկողմ ձևաչափով քննարկման առարկա, մասնավորապես՝ Վրաստանի՝ ՛՛Ասոցացման համաձայնագիրը՛՛ կնքելու և ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սպասվող զարգացումների տեսանկյունից:
Անհրաժեշտ է նաև մշտապես ակտուալ պահել Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, ինչպես նաև վիրահայությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտած նոր օրենքի, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների՝ Վրաստան մուտք գործելու և այնտեղ ժամանակավոր կամ մշտապես բնակվելու սահմանաչափերի փոփոխության հետ կապված:
Ալիկ Երոյանց