ՀՀ քաղաքական դաշտում երբեք պոպուլիզմի պակաս չի եղել: Թե' իշխանական և թե' ընդդիմադիր բևեռները բազմիցս աչքի են ընկել պաթետիկ կոչերով ու անիրատեսական ծրագրերով: Ժողովուրդն արդեն հասցրել է իմունիտետ ձևավորել քաղաքական դաշտից եկող ազդակների դեմ: Հարցն այս ավելի քան կարևոր է, որքան թվում է. էլեկտորատի շրջանում առաջացած հիասթափությունները վտանգավոր են առողջ քաղաքացիական հանրության ձևավորման ճանապարհին:


Ակնհայտ է, որ մեր երկրում կա իշխանությունների աշխատանքից դժգոհ հանրային մեծ շերտ: ժողովրդի այս խմբի համար առավել մտահոգիչ է այն, որ քաղաքական դաշտում չկան ազդեցիկ ու գաղափարական ընդդիմադիր կառույցներ:


Լսարանին պաթետիկ կոչերով սնուցող ոչ իշխանականների Եռյակը կարճ ժամանակում արդեն հասցրեց հիասթափեցնել մարդկային լայն զանգվածների: Երեկ Tert.am-ին տված իր հարցազրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Ազգային ժողովի հերթական լիագումար նստաշրջանի ընթացքում դեկտեմբերի 4-ին ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի պատգամավորները (բացառությամբ Նիկոլ Փաշինյանի) կողմ քվեարկեցին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացմանը, հայտարարեց, որ եթե խորհրդարանական Եռյակի («Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ եւ «Ժառանգություն») օրակարգում իշխանափոխության հարցը մնա, «Ժառանգություն»-ը չի լքի այն:


Մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ նույնիսկ իշխանափոխության ռազմավարական հարցում վիճելի մոտեցումներ են ի ցույց դրվում: Վեհ մտքեր և միանգամայն ուրիշ Հայաստան խոստացող խորհրդարանական Եռյակը այդպես էլ չկարողացավ մեկ միասնական հստակ օրակարգ ներկայացնել քաղաքական ամենապահնաջված հարցերի շուրջ:

 

 

Անուշիկ Աբգարյան