Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:


Գերմանական "BoxSport" ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:


Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել "Տարվա լավագույն մարզիչ" անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ:

 

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում' Ներքին Չարբախում:


Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2003 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի' 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:


Դեռ վաղ մանկությունից աչքի է ընկել սպորտի հանդեպ մեծ սիրով: Մանկության տարիներին ՀՀ-ում զբաղվել է հեծանվասպորտով' դառնալով այս մարզաձևի Հայաստանի պատանիների բազմակի չեմպիոն:
2003 թվականից հանդես է գալիս գերմանական "Զաուերլանդ իվենթ" փրոմոութերական կազմակերպության ներքո, մարզիչն է անվանի Ուլլի Վեգները, մենեջերը' Վիլֆրիդը Զաուերլանդը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է' համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ:


5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:


Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից):


2011 թվականի սեպտեմբերի 16-ին' ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):


2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության "Պողոս Նուբար" մեդալով:


2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր' միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար:

 

 

Սիրան Գրիգորյան