2013-ին ցորենի ինքնաբավության աստիճանը նախորդ տարվա համեմատ աճել է 13.9 տոկոսային կետով և կազմել 46.8%, ինչը հիմնականում պայմանավորված է ցորենի արտադրության ծավալների աճով և ներմուծման ծավալների նվազմամբ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից: Ըստ այդմ, աճել է նաև այլ հատիկավորներ, ձուկ, խոզի միս, բուսական յուղ, տավարի միս, կարտոֆիլ, միրգ, տարեկան, կաթ, թռչնի միս, վարսակ և բանջարեղեն ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները:
Փոխարենը նվազել են եգիպտացորեն, գարի, ձու, հատիկաընդեղային մշակաբույսեր, խաղող և շաքար ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները: Ոչխարի և այծի միս պարենային ապրանքախմբի ինքնաբավության աստիճանը մնացել է անփոփոխ' կազմելով 100 տոկոս: Նշվում է նաեւ, որ ձուկ, կարտոֆիլ, խաղող, ոչխարի և այծի միս, միրգ և բանջարեղեն ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները բավականին բարձր են' համապատասխանաբար' 130 տոկոս, 102,5 տոկոս, 102 տոկոս, 100 տոկոս, 99,6 տոկոս և 99,5 տոկոս:
Կարինե Առաքելյան