Սխալ նստելը կարող է շատ բացասաբար անդրադառնալ Ձեր ողնաշարի առողջության վրա:
Այս խնդիրն առավել առօրեական է այն մարդկանց համար, ովքեր նստած վիճակում են անցկացնում իրենց օրվա մեծ մասը: Իսկ մարդիկ, ովքեր աշխատում են նստած վիճակում' շատ-շատ են:
Առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որոնք կատարելով, օրվա վերջում Դուք չեք ունենա ցավ մեջքի շրջանում, և որոնք կկանխեն առավել լուրջ առողջական խնդիրների առաջացումը:
Նախ' հոգ տարեք հարմար կահույքի համար: Ձեր աթոռը կամ բազկաթոռը պետք է այնպիսի թիկնակ ունենա, որը ողնաշարի թեքվածքների համար հարմար կլինի և թույլ կտա մեջքը պահել բնական դիրքով: Այս տեսանկյունից կատարյալ են օրթոպեդիկ բազկաթոռները: Նստատեղը չպետք է լինի ոչ շատ կոշտ, ոչ էլ շատ փափուկ:
Նստած ժամանակ մեջքը պետք է հենել թիկնակին և ոչ մի դեպքում այն չկորացնել ու գլուխը չկախել: Ոտքերը պետք է լինեն հարմար դիրքում: Եթե ձեզ հարմար լինի, կարելի է ոտքերը դնել ավելի բարձր հենակի վրա:
Դրանից բացի, եթե դուք ստիպված եք երկար ժամանակ նստած մնալ, պետք է 10 րոպեն մեկ փոքր-ինչ փոխեք Ձեր դիրքը: Անհրաժեշտ է նաև հետևողականորեն' նվազագույնը ժամը մեկ անգամ, վեր կենալ աթոռից և քայլել, կամ որևէ վարժություն կատարել:
Վրեժ Հովսեփյան