Կարդացեք, հետաքրքիր հոդված եմ գրել իմ մասին...
«Արսեն Բաբայանը չի տիրապետում իրավիճակին
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Նշանակման հենց առաջին օրվանից Արսեն Բաբայանը չի կարողանում տիրապետել իրավիճակին, մասնավորապես' լրագրողներից որոշները թքած ունեն հավատարմագրման Կարգի վրա, չեն կրում հավատարմագրգերը, ինչն ուղիղ նախատեսված է Կարգով: Իսկ հավատարմագրման կարգի համաձայն' հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ավելին, Արսեն Բաբայանն անգամ որոշ լրագրողների (հատկապես իր մտերիմներին) հավատարմագրում է ժամկետի խախտմամբ: Օրինակ' կայքերից մի քանիսը դիմում են ներկայացրել սեպտեմբերի 5-ից ուշ, ինչը խախտում է Կարգը, բայց Արսեն Բաբայանը թքած է ունեցել այդ Կարգի վրա և տվել է հավատարմագրեր: Տեղեկացնենք, որ հավատարմագրված լրագրողների ցանկը հրապարակվել է ավելի վաղ, քան Արսեն Բաբայանը Կարգի խախտմամբ հավատարմագրել է իր մտերիմ լրագրողներին: Սա էլ դեռ բավական չէ, Արսենը աջ ու ձախ անցագրեր է շռայլում բոլոր չհավատարմագրված լրագրողներին: Ստացվում է, որ հավատարմագրման Կարգը, ինչի պատասխանատուն հենց Արսեն Բաբայանն է, չունի իրավական ուժ: Ի՞նչ է այս մասին մտածում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ինչպե՞ս է հանդուրժում, որ Արսեն Բաբայանն այսքան խախտումներով դեռ աշխատում է վարչության պետ: Արսենին առնվազն պետք է հեռացնել աշխատանքից»:
Սիրելի գործընկերներ, ավելի լավ է դժգոհեք ինձանից, որ Կարգը պահպանում եմ, ամեն տեսակ ստեր գրեք իմ մասին, ամեն տեսակ հորինվածքներ հրապարակեք, քան վերևում իմ գրածի բովանդակությամբ հոդվածներ կարդամ: Կրկնում եմ վերջին անգամ, անկախ ամեն տեսակ անհամ հրապարակումներից ես իմ գործն եմ անելու, աշխատելու եմ օրենքներով ու կարգերով…
Արսեն Բաբայան