Ստորև ներկայացնում եմ Վարդան Պետրոսյանի գործով 20.10.2013թ. դեպքի վայրի զննության արձանագրությունում առկա խախտումները: Նշեմ, որ այս ապացույցի անթույլատրելիությունը հաստատվելու դեպքում Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
1.դեպքի վայրի զննությանը մասնակցած երկրորդ ընթերակայի ինքնությունը չի պարզվել, հետևաբար պարզել, թե արձանագրության տակ ստորագրություն դրած անձը իրավունք ուներ լինելու ընթերակա, թե ոչ հնարավոր չէ:

 


2. դեպքի վայրի զննությանը որպես մասնակից ներկայացված Վռամ Վարդանյանը դատարանում ցուցմունք տվեց, որ նա չի մասնակցել այդ քննչական գործողությանը, սակայն ստորագրել է արձանագրության տակ:
3. դեպքի վայրի զննության ժամանակ քննիչը չի արձանագրել Վարդան Պետրոսյանին պատկանող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի անիվների կողմից թողնված հետքերը, որոնց արձանագրման դեպքում կհիմնավորվեր, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում: Այս փաստը հիմնավորվում է գործին կցված և որպես ապացույց ճանաչված Գ.Շամշյանի կողմից տրամադրված լուսանկարներով:

 


4.դեպքի վայրի զննության ժամանակ քննիչը չի արձանագրել Նիվա մակնիշի ավտոմեքենայի անվահեծի և (կամ) այլ դետալների ամբողջական հետքերը, որոնցով կհիմնավորվեր, որ վթարի և' նախորդող պահին, և' վթարից հետո Նիվա մակնիշի ավտոմեքենան երբևէ չի գտնվել կողնակում: Այս փաստը հիմնավորվում է գործին կցված և որպես ապացույց ճանաչված Գ.Շամշյանի կողմից տրամադրված լուսանկարներով:
5. դեպքի վայրի զննության ժամանակ արձանագրվել են հետքեր, որոնք գոյություն չեն ունեցել: Այս փաստը հիմնավորվում է գործին կցված և որպես ապացույց ճանաչված Գ.Շամշյանի կողմից տրամադրված լուսանկարներով:

 


6. դեպքի վայրի զննության արձանագրությանը մասնակիցները չեն ծանոթացվել: Արձանգրության մեջ չկա որևէ նշում, որ մասնակիցները ծանոթացվել են այդ արձանագրության հետ: Իսկ ընթերական դատարանում ցուցմունք տվեց, որ նա առանց ծանոթանալու արձանագրության բավանդակության հետ դրել է իր ստորագրությունը:

 

 


7.դեպքի վայրի զննությանը մասնակցած մասնագետը տեղյակ չի եղել, որ նա որպես մասնագետ է մասնակցում, այլ ոչ թե փորձագետ: Ոչ իրեն, ոչ էլ այլ մասնակիցներին չեն բացատրել իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Նշված փաստը հիմնավորվում է նույն արձանագրությամբ, քանի որ համաձայն ՀՀ քր. դատ. օր. 29-րդ հոդվածի դատավարության մասնակիցներին իրավունքները և պարտականությունները բացատրելու վերաբերյալ վերցվում է ստորագրություն, որը արձանագրության մեջ առկա չէ:

 


8. դեպքի վայրի զննության արձանագրության կից սխեմայում «8մ.» թիվը ուղղման արդյունքում է ստացվել (դա երևում է անգամ անզեն աչքով): Ենթադրվում է, որ մինչ այդ նշված է եղել «4մ.» թիվը, սակայն բացակայում է այդ ուղղման վերաբերյալ մասնակիցների ստարագրությունները, որոնք ՀՀ քր. դատ. օր. 29-րդ հոդվածի համաձայն պարտադիր էին:
9. դեպքի վայրի զննությանը մասնակցած մասնագետը չունի իր որակավորումը հավաստող փաստաթուղթ, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն միայն նման փաստաթղթի առկայության պայմաններում անձը կարող է հանդես գալ որպես մասնագետ:

 


10. Բացի վերը թվարկված խախտումներից առկա են ևս մի շարք անօրինականություններ, մասնավորապես դեպքի վայրի զննության արձանագրության մեջ չի նշվել ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել, չի նախազգուշացվել մասնակիցներին այդ տեխնիկական միջոցների օգտագործման մասին, արձանագրության տեքստային մասը չի համընկնում արձանագրությանը կցված սխեմային, իր հերթին սխեման չի համընկնում բնության մեջ գոյություն ունեցող դեպքի վայրին:
Կան ևս մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ վաղը մենք կներկայացնենք ապացույցներ:
Նշեմ, որ մեղադրանքի կողմը չի ժխտում վերը նշված փաստերը, սակայն պնդում է, որ նման ապօրինությունները նախատեսված են մեր օրենքներով:

 

 

Николай Багдасарян