Ես թքած ունեմ, թե եվրասիականացված համակարգի որ բևեռի ՙՙպապան՚՚ կլինի ռուսական գուբերնայի վերածված Հայաստանի գուբերնատորը...
Ոմանք մեծ սպասումներ ունեին հանրահավաքից ու մի թեթև մանթրաժ են, մյուսները ձախողում էին կանխատեսում ու էլի մանթրաժ են:

 

 

Ես տեսա այն, ինչ սպասում էի:
Էյֆորիկ տրմադրությունները, ոգևորություններն ու հիսթափություններն արդեն հետևում են ու կարելի է մի քանի հաստատուն արձանագրում անել:
Հանրահավաքին ներկա էր 17-20 հազար մարդ:
Թիվը փոքր չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վաղուց Ազատության հրապարակն այսքան մարդաշատ չէր եղել: Մյուս կողմից՝ հավաքվածների թիվն այդան մեծ համարել չի կարելի, որովհետև եկածների մի մասն իրականում ՙՙբերված՚՚ էր: Սա էլ համարենք գործող ընդդիմության ՙՙօլիգարխացման՚՚ դրսևորումներից մեկը:

 

 


Հանրահավաքը նորություններով, նոր գաղափարներով առանձնապես աչքի չընկավ ու սա բնական է, որովհետև ընդդիմության Եռյակը չունի գործողությունների հստակ ծրագիր:
Դա էր պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհատեց իր ելույթը, որպեսզի խորհրդակցի Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն նրա հետ այդպես էլ խոհրդակցող չեղավ, ոչ էլ հնարավորություն տրվեց՝ կիսատ խոսքը շարունակել:
Րաֆֆիին ՙՙպատժելու՚՚ թեմային դեռ կանդրադառնանք:
Հետագա գործողությունների անորոշությունն էր, թերևս, պատճառը, որ Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, չխոսեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամնը ՙՙծաղկաքաղ՚՚ էր արել իր նախկին ելույթներից:
Եռյակի ներքին հակասություննների մասին:
Դրանք ակնհայտ են ու լավագույնս դրսևորվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում, հետո այն դեմարշով, որ մյուսներն արեցին նրա հանդեպ:

 

 


ՙՙԺառանգության՚՚ ղեկավարը հանդգնեց դատապարտել Հայաստանի նախագահի դրած ստորագրությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի տակ ու նաև տվեց հակառուսական մի անուն՝ Շանթ Հարությունյան: Ու դա բավական էր, որ նրա ելույթը կիսատ մնար ու հենց հարթակում մյուսները՝ առաջին նախագահի գլխավորությամբ, նրան խրատեին:
Ի դեպ, Հայաստանի եվրասիականացման մասին շատ հետաքրքիր կարծիք հայտնեց Տեր-Պետրոսյանը: ՙՙԿենտրոնանալով բացառապես սեփական ուժերով մեր երկրի ներքին հարցերը լուծելու վրա, շարժումն իր առջև աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում և առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենևին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։

 

 

Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետև, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել՚՚- ասաց նա:
Ուշադրություն դարձրեք երկու հանգամանքի վրա:

 

 


Նախ, Տեր-Պետրոսյանն առաջարկում է քշել Սերժենց ու վստահել իրենց՝ ավետելով, որ ՙՙշարժումն իր առջև աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում՚՚:

 


Բա, եթե ես կամ մյուս ընտրողները տեղյակ չենք ձեր արտաքին քաղաքական կողմնորոշումներին, օրակարգին՝ ի՞նչ չափանիշով գնանք իշխանափոխության կամ ինպե՞ս վստահենք Եռյակին, եթե նրա քաղաքական ծրագրի կարևոր՝ արտաքին քաղաքական բակղկացուցիչը, հայտնի չէ:
Կամ ինչպե՞ս վստահեմ մի միավորման, որ լիդերներից մեկը մյուսի հասցեին կարող է օգտագործել ՙՙջղաձգում՚՚ որակումը: Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի կարծիք ունի Հայաստանի եվրասիականացմանն ընդդիմացող մարդկանց, նշանակում է՝ նաև Րաֆֆիի հանդեպ:

 


Իրականում՝ եվրասիականացված են Հայաստանի թե իշխանությունը ու թե ընդդիմությունը. Սերժ Սարգսյանը դա հավաստեց՝ այսօր ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Տեր-Պետրոսյանը դարձյալ այսօր հայտարարելով, որ ՙՙՀայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է՚՚:
Իրականում, խորհրդանշական է, որ երկու իրադարձությունը տեղի ունեցան հենց այսօր. ստորագրվեց Հայաստանի անկախությունը վտանգող պայմանագիր, կայացավ նոր ընդդիմության ՙՙշնորհանդես՚՚, որում ՙՙանշրջելիության՚՚ կնիք դրվեց Սարգսյանի կապիտուլյացիոն ստորագրության վրա:
...Երրորդ Հանրապետությունը մեռավ ու դրա փլատակների վրա՝ իշխանությունն ու ընդդիմությունը մրցավազքի մեջ են՝ Կրեմլի ՙՙդաբրոյի՚՚ համար:
Իսկ ես թքած ունեմ, թե եվրասիականացված համակարգի որ բևեռի ՙՙպապան՚՚ կլինի ռուսական գուբերնայի վերածված Հայաստանի գուբերնատորը...

 

 

 

Սուրեն Սուրենյանց