2000 թվականից ի վեր' ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է: Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի տարեկան 23 միլիոնի, որն ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը:

 

 

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները' ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:

Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անդամ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել աղի չարաշահման դեմ, ինչը կնպաստի ինսուլտների և սրտային հիվանդությունների նվազեցմանը:

 

 

Սրտանոթային հիվանդությունները սովորաբար համարվում են տարեց մարդկանց կամ տղամարդկանց հիվանդություններ: Եվ կանայք թերագնահատում են իրենց սրտանոթային հիվանդությունների ռիսկը, չնայած որ տարեկան 17,3 միլիոն մահացության կեսը բաժին է ընկնում հենց նրանց:

Երեխաները ևս ռիսկի խմբի մեջ են, քանի դեռ պատշաճ ուշադրություն չի դարձվում նրանց առողջ կենսակերպին: Եթե սրտի առողջությանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա այսօրվա երեխաները վաղը կընդգրվեն սրտանոթային բարձր ռիսկի խմբի մեջ:

 

 

Կանայք և մայրերը հաճախ իրենց ընտանիքի առողջության պահապաններն են, հետևաբար սրտի առողջության պահպանման բանալին հենց նրանց ձեռքում է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը:

 

 

Բնակչության մահացության հիմնական պատճառները դիտարկելով՝ ակնհայտ է դառնում, որ մահացության կառուցվածքում արյան շրջանառության հիվանդություններից մահացությունը կազմում է 48 տոկոս: Ընդ որում, պետք է փաստել, որ մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են սրտանոթային հիվանդությունների ուշ հայտնաբերմամբ և դրանց զարգացման ռիսկի գործոնների բարձր տարածվածությամբ: Մասնավորապես՝ ծխախոտի օգտագործումը, զարկերակային բարձր ճնշումը, ֆիզիկական թերակտիվությունը, ավելցուկային քաշը և նման այլ գործոնները նպաստում են այդ հիվանդությունների զարգացմանը:

 

 

Սույն հիմնախնդրի լուծման նպատակով՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների բեռը նվազեցնելու համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և կանխարգելում» ուղեցույցը: Արդյունքում իրականացվելու են սկրինինգային հետազոտություններ այդ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները վաղ հայտնաբերելու նպատակով, ինչը կնպաստի տնտեսական բեռի նվազեցմանը և առողջության ցուցանիշների բարելավմանը:

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները:

 

 

 

Վրեժ Հովսեփյան