ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանին:


Նախարարը ողջունել և շնորհակալություն է հայտնել ժողովրդի կողմից սիրված ու լայն ճանաչում ունեցող երգահանին՝ նրա բարձորակ երաժշտության ու բացառիկ ստեղծագործությունների համար, որոնք նպաստում են սերունդների հայրենասիրական ոգով կրթվելուն և դաստիարակվելուն: «Ես՝ որպես սպորտի ներկայացուցիչ, գիտեմ, թե որքան ոգևորիչ կարող է լինել երաժշտությունը, որի տակ մեր մարզիկները ելույթ են ունենում, ու կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ ձեր ստեղծագործությունների տակ են նրանք հաղթել»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:


Անվանի երաժիշտ Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այս պարգևի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, և ինքը հետագայում էլ կշարունակի իր երաժշտությամբ ազգային և հայրենանվեր գաղափարներ սերմանել՝ դրանով իսկ նպաստելով մեր մարզիկների նոր մարզական նվաճումներին:

 

 

 

 
Աստղիկ Մարտիրոսյան