Որևէ հայի համար առանձնահատուկ իմաստ, արժեք ու նշանակություն ուներ Դեր Զորի Սրբոց նահատակաց այժմ արդեն պայթեցված եկեղեցին: Ոչ միայն որպես կրոնական սրբավայր, այլ նաև, որպես հանգստարան, ուր ամփոփված էին Մեծ Եղեռնի հազարավոր նահատակ հայերի մասունքներ և պահվում էին վավերագրեր:


Այսօրվա փաստն այն է, որ եկեղեցին այլևս ավերված է: Ներհայաստանյան մակարդակում ինչ-ինչ հայտարարություններ հնչեցին, որոնք դատապարտեցին կատարվածը: Պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարությունը: Սակայն չգիտես ինչու կատարվածի հանդեպ պատշաճ ու ակնկալելի արձագանք չեղավ միջազգային մակարդակում, անհասկանալի է, սակայն նույն քրիստոնեական արժեքներ կրող միջազգային հանրությունը քրիստոնեական սրբավայրի ավերման մասին լռություն է պահպանում:


Ինչ որ տեղ հասկանալի է, գոնե վերջին շրջանի պրակտիկան հաշվի առնելով, միջազգային հանրությունն արդեն միայն իր շահերից ելնելով է ինչ որ կատարված հանցագործություն դատապարտում:
Սակայն առավել զարմանալին այն է, որ կտարված բարբարոսության մասին քար լռություն է պահպանում նաև Հայ Առաքելական Եկեղեցին: Մայր Աթոռը չի արձագանքել կատարվածին: Բառացիորեն չկա ոչինչ այս թեմայով: Մեծի Տանն Կլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում արդեն դրված է հաղորդագրությունն այն մասին, որ Արամ Ա-ն խստորեն դատապարտում է Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը, սակայն Մայր Աթոռի պաշտոնական կայքի լրահոսում վերջին գրառումը Գարեգին Բ-ի սեպտեմբերքսանմեկյան շնորհավորական ուղերձն է, իսկ նույն կառույցի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան խմբի մոդերատորն էլ հենց նոր ազդարարեց, որ Գարեգին Բ-ն մեկնել է Հովվապետական այցելության Ծայրագույն Արևելք, որի ընթացքում պետք է այցելի Հնդկաստան, Սինգապուր և Մյանմարի Միություն իր շքախմբի հետ:
Կանխակալ գնահատականներ հնչեցնելու կամ չեղած տեղում ինտրիգ փնտրելու տպավորություն թող չլինի, սակայն Արամ Ա-ն Հունաստանում իր այցի ընթացքում հասցրեց դատապարտել, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովն արեց-ավարտեց ու հիմա մեկնում է Ծայրագույն Արևելք առանց մի ձայն հանելու Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման առնչությամբ: Սա առնվազն տարօրինակ է: