Պաշտոնական տեղեկատվության համաձայն այսօր կառավարությունում քննարկվել է բուհերի երիտասարդ դասախոսների բարձրացրած հիմնախնդիրները: Եվ' բուհում, և' մասնավոր սեկտորում միաժամանակ աշխատող երիտասարդ դասախոսները մտահոգություն էին հայտնել նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ:
Վարչապետն իր ելույթում ասել է. «Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ»:
Իր խոսքում կառավարության ղեկավարը նաև նշել է . «Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»:
Խաչատրյան Ժոռա