Բողոքում են արդեն Մոսկվայում
Որոշ ռուս զինվորների բռնի կերպով ուղարկում են Ուկրաինա՝ կռվելու: Այժմ Ուկրաինայում է գտնվում մոտ 15 հազար ռուս զինվոր:
Այս հայտարարության հեղինակն ոչ թե Ուկրաինայի ՙՙֆաշիստական՚՚ կառավարությունն է, կամ էլ՝ ՙՙդավադիր՚՚ Արևմուտքը, այլ՝ Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեների միության ղեկավար Վալենտինա Մելնիկովան:
Առայժմ ռուսաստանի հասարակությունն ոգևորված է Կրեմլի կայսերական քաղաքականությամբ, բայց ակնհայտորեն չկա այն պաթոսը, որին ականատես էինք Ղրիմի իրադարձությունների օրերին:
ՙՙՍանկցիաների պատերազմը՚՚ տվել է իր հետևանքը. շարքային ռուսաստանցիներն արդեն իրենց մաշկի վրա զգում են թե գների թանկացումները, թե տնտեսական ճգնաժամի նախանշանները:
Բացի այդ, Ուկրաինայից Ռուսաստան են բերվում զոհվածների դիակներ ու ավելի առարկայական է դառնում հարցը՝ ինչի՞ համար են զոհվում մեր որդիները:
ՙՙՆովոռոսիայի՚՚ գաղափարով ոգևորված են միայն իշխանության ՙՙբազեներն՚՚ ու ազգայնական շրջանակները:
Ինչքան էլ պարադոքսալ է՝ այդ գաղափարն ոգևորել է նաև ֆեյսբուքահայության մի շրջանակի, որը դրա մեջ, հավանաբար, տեսնում է խորհրդային կայսրության վերականգնման շանս:
ՙՙՆովոռոսիայի՚՚ գաղափարն, անշունշտ, ունի սովետականության բաղկացուցիչ, սակայն այն հիմնված է ռուսական ազգային ինքնատիպության ու ուղղափառության արժեքների վրա:
Հազիվ թե հայերը կարողանան տեղավորվել ՙՙռուսական ինքնատիպության՚՚ շրջանակում...
Սուրեն Սուրենյանց