Շանգալը դա եզդիներիս սուրբ հողն է, Շանգալը առանց եզդիների և եզդիներն առանց Շանգալի երբևէ չեն եղել: Այսօր ամեն իրեն հայրենասեր համարող եզդին պիտի ուխտ անի, որ թեկուզ արյան ու կյանքի գնով էլ լինի, Շանգալը չպիտի թշնամուն հանձնվի: Ինչ՞ է դրա համար պետք: Առաջին հերթին պետք է, որ բոլոր ազգայնական և հայրենասեր եզդիներս միավորենք մեր ուժերը և ամեն գնով օգնության հասնենք Շանգալ: Այսօր յուրաքանչյուր հայրենասեր եզդու տեղը Շանգալում պիտի լինի: Այս տեսակ ստոր ու արյունախում թշնամու դեմ միակ ճիշտ ճանապարհը սրբազան պատերազմի մեջ մտնելն ու կռվելն է, միայն այս կերպ մենք կպահպանենք ինքներս մեզ և մեր հայրենիքը: Հենց այս կերպ է այսօր եզդի ժողովրդի հերոս Քազմ Շեշոն իր 3000-անոց մահապարտների ջոկատով թշնամուն ետ շպրտում մեր հողերից: Նա և նրա հերոս տղաները պիտի օրինակ լինեն բոլոր եզդիների համար:

 


Այսօր աշխարհի շատ երկրներում բազմաթիվ են եզդի կամավորականները, ովքեր պատրաստ են գնալ Շանգալ ու կռվել թշնամու դեմ, բայց քանի որ չունեն անհրաժեշտ օգնություն և հովանավորություն (կազմակերպչական հարց, Շանգալ հասնելու հարց, զենք ու զինամթերքով ապահովելու հարց և այլն), առայժմ սա միայն ցանկություն է մնում: Եվ զարմանալի է, թե ինչու չեն երևում մեր եզդի մեծամեծերը, մեծահարուստ գործարարներն ու քրեական աշխարհում «մեծ-մեծ հարցեր» լուծող հեղինակությունները, ինչու՞ են լռում և որևէ բան չեն նախաձեռնում այս օրհասական պահին իրենց ազգակիցներին և հայրենիքին օգտակար լինելու համար:

 

Իրոք շատ երկրներում այսօր եզդիական հայրենասեր ուժերը պատրաստ են ինքնակազմակերպվելու և Շանգալն ազատագրելու իսլամիստ ահաբեկիչներից, պարզապես նրանց օժանդակող ուժեր են պետք, որոնց դերում վերը նշածս մարդիք կարող են լինել: Ուզում եմ դիմել այդ մարդկանց ու կոչ անել. «Եղբայրներ, այսօր է այն օրը, երբ դուք պիտի օգնության հասնեք մեր հայրենիքին, մեր ժողովրդին: Այսօր, երբ մեր ազգը ցեղասպանվում, հայրենազրկվում է, մենք միայն միասնությամբ կարող ենք այս արհավիրքը կանխել: Սա մեր պատվի ու հայրենասիրության խնդիրն է»: Կեցցեն Քազմ Շեշոն և իր մահապարտները, կեցցե~ ազատ Շանգալը…

 

 

Մուրազ Շամոյան