- Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:
Այսօր ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր Կոկո Շանելի ծննդյան օրն է:
Թվում է, թե ի՞նչ կարող է անել մեկ մարդը: Բայց արի ու տես, որ նույնիսկ, երբ այդ մարդը նուրբ կին է, նա շատ բան կարող է փոխել աշխարհում: Կոկո Շանելը ծնվել է աղքատ ընտանիքում: 12 տարեկանում նրան հանձնում են մենաստան: Սակայն երբ լրանում է աղջկա 18 տարին, նա որոշում է թողնել մենաստանի գորշ պատերը և ուղևորվում է Փարիզ: Սկզբում նա աշխատում է որպես սովորական վաճառողուհի հագուստի խանութներից մեկում, բայց քանի որ փողերը չէին բավականացնում, գիշերները սկսում է երգել նաև տեղի կաբարեներից մեկում: Օրերից մի օր նա ծանոթանում և սիրահարվում է անգլիացի գործարար Արթուր Կապելին:

 

Հետագայում, Արթուրը շատ է օգնում Շանելին իր նախաձեռնություններում և հենց նրա միջոցների հաշվին է Շանելը բացում իր առաջին խանութը Փարիզում: Սկզբում դրանում վաճառվում էին միայն գլխարկներ, բայց ժամանակի ընթացքում այն համալրվում է նաև հագուստով: Կոկո Շանելը սկսում է ճանաչում ձեռք բերել Փարիզյան նորաձևության աշխարհում: Կոկոն նոր ուժով վերսկսեց աշխատանքները: «Տարիք չունեցող գայթակղիչ կինը» վաղուց էր գիտակցում, որ նորաձևությունն առանց օծանելիքի ոչինչ է:

 

Մի անգամ ծանոթներից մեկը' քիմիկ Էռնեստ Բոն, նրան ներկայացրեց ստեղծած նոր բույրերի փորձանոթները, որ Կոկոն ընտրի լավագույնը: Վերջինս ասաց. «Ես չեմ ուզում, որ օծանելիքից գա միայն վարդի կամ միայն լանդիշի հոտ: Ստեղծեք այդ բույրերի կոմբինացիան' կանացի համադրությունը»: Բոն այդպես էլ արեց: Օծանելիքը անվանվեց «Շանել համար 5»: Օծանելիքի ստեղծումից հետո մի անգամ նրան հարցրել են, թե երբ պետք է կինն այն օգտագործի, և Կոկոն պատասխանել է. «Երբ ցանկանում է, որ իրեն համբուրեն»:

 


Հետագայում, արդեն հաջողության հասած Կոկո Շանելն ասում էր «Ես ամեն օր սկսում եմ իմ կյանքը նորից»: Նա մաքրում էր իր հիշողությունը անցյալի այն հատվածներից, որոնք նրա մոտ տհաճություն էին առաջացնում: Նա համոզված էր, որ ապագան կախված չէ անցյալից և սեփական ճակատագիրը կարելի է կերտել ցանկացած ժամանակ, ցանկացած տարիքում: Նա ապացուցեց դա, երբ 71 տարեկան հասակում, երկար ընդմիջումից հետո վերադառնալով նորաձևության աշխարհ' կրկին նվաճեց նորաձևության թագուհու տիտղոսը: Նրա անհատական ոճը դարձավ նորաձևության անքակտելի մասը: Նրան հետևեցին միլիոնավոր կանայք: Մենք մինչ օրս էլ անում ենք քայլել առանց նույնիսկ մտածելու, որ առաջին անգամ այս կամ այն բանն արել է հենց նա' որբանոցից մեծ աշխարհ մտած և աշխարհին մարտահրավեր նետած մոդելյոր Կոկո Շանելը:

 


Ո՞ր կինն այսօր իր կյանքը կպատկերացնի առանց ուսին գցվող պայուսակի, փոքրիկ սև զգեստի, արևային լոգանքի, բազմաթիվ ծաղիկների բույրերից հյուսված օծանելիքի: Իսկ հիմա պատկերացրեք, որ մինչ նա, կանայք չէին էլ մտածում այս ամենի մասին: Կոկոն եկավ, «շանելապատեց» ողջ աշխարհը, բերեց մի շարք նորություններ, բայց, առաջին հերթին, ստեղծեց մի կնոջ կերպար, ում առաջ ոչ ոք չէր ճանաչում:

 

Նորաձևության ամենամեծ ու շքեղ տան հիմնադիրը ստեղծեց էլեգանտ կնոջ կերպար, որ չի ենթարկվում ժամանակի փոփոխություններին: Նա ազատեց կնոջը ճնշող կորսետներից ու երկար, անհարմար շրջազգեստներից: Նրա զգեստների մոդելների ճշգրիտ, ուղիղ գծերը թաքցնում են կառուցվածքի թերություններն ու ընդգծում առավելություններ: Շանելի ազատությունն ուրիշ էր: Նա որևէ մեկին որևէ բան չէր ապացուցում: Նա ներքին ազատություն ուներ: «Ես մտա հասարակություն ոչ այն պատճառով, որ պետք է հագուստ ստեղծեի, հակառակը, ես հագուստ ստեղծեցի, որովհետև ապրում էի հասարակության մեջ, որտեղ առաջին կինն էի, ով ապրում էր դարի ողջ ռիթմով»:

 


Միակ բանը, որ նրան պակասում էր, ընտանիքն էր:Նրա օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է գործում տիեզերքի օրենքը' «եթե կա կիրք, ցանկություն, ուժ, հավատ և համբերություն, ապա դուք անկասկած կհասնեք հաջողության»: Երբ ամբողջ հոգով ձգտում ես հասնել նպատակիդ, ապա ճանապարհին հայտնվում են և՛ անհրաժեշտ մարդիկ և՛ անհրաժեշտ իրավիճակներ:

 

Ով փնտրում է, նա գտնում է, ով ձգտում է, նա հասնում է: Երբեք մի մոռացեք սա: Մոդելավորողներից միայն Շանելին է հաջողվել ստեղծել ոչ թե նորաձևություն, այլ ուրույն ոճ: Նա հեղափոխություն արեց 20-րդ դարի կնոջ արտաքինի մեջ, կանանց նվիրեց ինքնասիրության, ազատաության և ինքնագնահատության գաղափարներ: Շանելն ինքն էր իր համար ճանապարհ հարթում, հասնում հաղթանակների' նվաճելով նոր բարձունքներ: Այս մեծ մադեմուազելը դառնում է նորարար և նորաձևության հանճար:
Ըստ նրա' Անճաշակությունը սահման ունի, միայն լավ ճաշակն է անսահման:

 

 

Մարինա Գևորգյան