Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերման. «Հրեական պետությունը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հարցում: Ցայժմ մենք ծայրաստիճան զսպվածություն ենք հանդես բերել Իսրայելի հասցեին այդ երկրի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի կողմից հնչեցված թշնամական հայտարարությունների հանդեպ: Հուսով ենք, որ առաջիկա կիրակի օրն Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո այլևս չենք լսի այդօրինակ հայտարարություններ թուրքական իշխանությունների կողմից:
Հակառակ դեպքում Իսրայելը կարձագանքի բոլորովին այլ կերպ»:
Իսրայելի ԱԳՆ ղեկավարի նման հայտարարությունն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան «դիվանագիտական ապտակ» ԹՀ ղեկավարությանը: Սրանով, փաստորեն, պաշտոնական Թել Ավիվը նշում է, որ պաղեստինցիների աջակցությանն ու Հրեական պետության ղեկավարության «անողոք» քննադատությանն ուղղված Էրդողանի հռետորաբանությունը բացառապես ներքին սպառման համար է, որի նպատակը նախագահական ընտրարշավի ընթացքում Թուրքիայում իշխող վարչակարգի որդեգրած համաիսլամական շահերի պահպանությանը միտված քաղաքականության ցուցադրումն է:
Արմեն Պետրոսյան