Վերջին ժամանակներում և հատկապես այսօր նկատում եմ մի շարք անհեթեթ մեկնաբանություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Խնդիրը կայանում է նրանում, որ որոշ անհատներ որպես ցեղասպանության պատճառ դիտարկում են Իսլամ-Քրիստոնեություն վաղեմի հակամարտությունը: Նշենք, որ ցեղասպանությունը ուներ միմիայն քաղաքական դրդապատճառներ, այն է՝ փլուզվող Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, իսկ ազգային փոքրամասնությունների և ազգային պետությունների ներդաշնակ գոյակցությունը անհամատեղելի է, որը տարբեր երկրներում դրսևորվում է տարբեր ձևերով: Թերևս սա է հիմնական պատճառը ցեղասպանության: Իսկ Իսլամը այստեղ որոշ չափերով ծառայել է, որպես գործիք, խորապես հավատացյալ բնակչությանը կամ հենց զինվորներին որևէ խնդրի շուրջ կարելի է մոբիլիզացնել միայն Ջիհադի կոչերի միջոցով, իսկ դա արդեն Իսլամը քաղաքականացնելու և հակառակը քաղաքականությունը իսլամականացնելու ժանրից է, որը կիռարվել է այդ կրոնի ողջ պատմության ընթացքում:


Ոչ մեկին չպետք է մեղադրել, հատկապես երբ հայրենասիրությունը և չիմացությունը միախառնվում են մեկ կետում: Դա լուրջ սինդրոմ է:


Վերոհիշյալը հիմնավորվում է կոնկրետ փաստարկներով: Բերենք դրանցից մեկը:


Ցեղասպանության տարիներին Մեքքայի շարիֆ Հուսեյնը ուրբաթօրյա աղոթքների ժամանակ հանդես էր գալիս հետևյալ կոչերով. <<Ով գեթ մեկ հայ սպանի նրա համար դրախտի դռները փակ են>>: Հիշեցնեմ, որ շարիֆները Մուհամեդի հետ ազգակցական կապ ունեցող բարձրագույն հոգևոր առաջնորդներն են, իսկ տվյալ պարագայում Հուսեյնը նաև թուրքերի դեմ արաբների ազատագրական պայքարի առաջնորդն էր :


Բացի այդ Իսլամը երբեք չի ենթադրել սպանել քրիստոնյաներին, որոնք համարվում են զիմմի, այսինք գրքի ժողովուրդ:

 

 


Կարպիս Փաշոյան