«Матросская тишина» կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը:
Ազգականներից Գուրգեն Հայրապետյանը Artsakh Today-ին հայտնել է, որ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այնքան վատ է, որ չի կարողանում շփվել անգամ փաստաբանի հետ։
«Այդքան ծանր վիճակում գտնվող մարդուն նման կերպ պատժելն անմարդկային քայլ է: Ի վերջո խոսքը տնտեսական գործողությունների մասին է, սակայն նրան վերաբերվում են այնպես, կարծես դեպքի վայրում ծանր հանցագործ են բռնել: Օր առաջ պետք է տնային կալանք կիրառել»,- ասել է Գուրգեն Հայրապետյանը:
Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբից Tert.am-ին հաստատեցին, որ հայ գործարարի վիճակը կտրուկ վատացել է։ Նրանք կապ են հաստատել Մոսկվա Լևոն Հայրապետյանի օգնականի հետ, ով տեղեկացրել է, որ այն պայմաններում, որ այսօր գտնվում է Լևոն Հայրապետյանը, չափազանց անմարդկային է. «Շոգ, տոթ, որը բազմաթիվ հիվանդություններով տառապող մարդու համար ուղղակի հակացուցված է։ Դրան գումարած այն սթրեսը, որը տանում է մեր հայրենակիցը՝ հասցրել է նրան, որ նա այսօր ուշաթափություն է ունեցել, և դժվարությամբ հաջողվել է վերականգնել նրա գիտակցությունը»,- նշեցին շտաբից։
Շտաբից հիշեցրեցին, որ Ռուսաստանում 2011թ-ին ընդունված օրենքի համաձայն կա հիվանդությունների ցանկ, որոնցով հիվանդ մարդկանց չեն կալանում։ «Հիմա այս պահին տեղի է ունենում օրենքի խախտում, այսինքն՝ ՌԴ իրավապահ մարմինները չեն կատարում իրենց երկրի ընդունած օրենքը, որովհետև եթե կատարվեր, ապա նրա խափանման միջոցը պետք է անմիջապես փոխվեր՝ կալանքից դառնալով տնային կալանքի։ Նման սթրեսային վիճակում գտնվելով, բնականաբար, Հայրապետյանի առողջական վիճակն է՛լ ավելի է սրվել։ Այսինքն, եթե կալանքը չի փոխվում, ապա դա ենթադրել է տալիս, որ այս ամենի հետևում ինչ-որ պատվեր կա՝ տնտեսական շահի բնույթի, թե մեկ այլ տեսակի, և որ նա զոհ է որոշ, գուցեև, տնտեսական շրջանակների»,- նշեցին շտաբից։
Վրեժ Հովսեփյան