Երբ պատանեկության տարիքում կռիվ էինք անում ու վերջում լսում <կանգնեք, գալիս ենք> բացականչությունը' գիտեինք, որ բանը ավարտվելու է կամ բարիշելով /քյասթմ/, կամ էլ <կապտուկներով>: Սովորաբար բարիշում էինք, հետո նույնիսկ ընկերանում' ենթագիտակցորեն հասկանալով, որ կապտուկներից խուսափեցինք նախևառաջ փոխադարձ զիջումների հետևանքով /ի՞նչ ունենք իրար հետ կիսելու/: Չգիտեմ, թե ինչ մանկություն են ունեցել Պուտինն ու Պորոշենկոն, բայց եթե ՆԱՏՕ-ն համաձայնի ստանձնել Պորոշենկոյի <մեծ եղբոր> դերը /չնայած կարծում եմ, վաղուց է ստաձնել ու այժմ ականատես ենք <կպիր-խփենք> սխեմային/, պատերազմը երկար սպասեցնել չի տա' կիսելու շատ բան ունեն: Իսկ այդ դեպքում հերթը կհասնի նաև մեզ, քանի որ <ախպեր>, <ախպոր ախպեր>, <մեր թշնամու թշնամին' մեր ախպեր> հասկացությունները եղել են, կան ու կմնան: Ստիպված ենք լինելու պատասխանել' <դու ո՞ւմ ախպերն ես> հարցին: Այնպես որ աղոթենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի վտանգը չեզոքանա ու տարածաշրջանում տիրի խաղաղությունը (<քյասթմը>):

 

 

Վահե Ղազարյան