Մեր հանճարը ձեր բանջարին վնաս չէ …


Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Օրինաց Երկիր» կուսակցությունն ընտրեց պայքարի քաղաքակիրթ և խոստումնալից տարբերակ. նախ սակագնի թանկացման վերաբերյալ որոշման դեմ հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան, իսկ հետո անօրինական այդ որոշման դեմ համախմբված պայքար մղելու նպատակով հայտարարեց համազգային հանրահավաք անցկացնելու մասին:


Հանրահավաքի մասին հայտարարելուց հետո ՕԵԿ-ը հրապարակավ համագործակցության կոչ արեց հասարակական ու քաղաքական ակտիվ դերակատարներին, դիմադիր թե ընդդիմադիր, հիշեցնելով խնդրի կարևորության ու զգուշացնելով վերջինիս կործանարար հետևանքների մասին:


Թվում էր, թե հաջողության հասնելու համար բովանդակային մասն ՕԵԿ ձեռամբ արդեն արված էր, և մնում էր ապահովել վերջինիս գործնական մասը, այն է' հանդես գալ բացառիկ համախմբվածությամբ ու միասնականությամբ:


Ավաղ, այստեղ գլուխ բարձրացրեց շահախնդրությունն ու նախանձախնդրությունը:
Չգիտես ինչու /իրականում հասկանալի պատճառներով/ «հարկադիր արձակուրդի գործուղված հասարակական ակտիվիստները» հապաղում են բարձրացնել իրենց բողոքի պաստառները, իսկ քաղաքական դերակատարները կասկածելի կերպով լռում են:
Իզուր, հարգելինե′րս, համագործակցության առաջարկն արված էր անկեղծ, իսկ մեկնված ձեռքը դուք դեռ երկմտում եք սեղմել:


Այս ամենը դեռ տանելի է: ՕԵԿ-ն իր գործունեության ընթացքում բազմիցս է միայնակ մնացել, սակայն ի հեճուկս նախանձախնդիրների, ապացուցել է միայնակ պայքարում հաղթանակած դուրս գալու իր ունակությունն ու կարողությունը:


Անտանելին այն է, երբ համազգային նշանակություն ունեցող այս խնդրի համար պայքարում գտնվում են ճիվաղներ, ովքեր թքած ունենալով ազգի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վրա, անհասկանալի հակափիառ են սկսել կուսակցության դեմ, դրանով իսկ անգիտակցորեն փորձելով ձախողել պայքարը բուն խնդրի նկատմամբ: Խնդիր' որի մասին անկասկած մտահոգ են իրենց իսկ ընտանիքի անդամերն անգամ:


Իրենք դրա վրա էլ թքած ունեն, իսկ դա ավելին քան անտանելի է:
Անտանելի է, երբ դա անում են իրենց երեխաների ապագայի հաշվին' իրենց հովանավորների կողմից դեմքներին շպրտված գրոշների դիմաց:


Հարգելինե′րս, շտապեմ հիասթափեցնել ձեզ, ձեր բոլոր փորձերն ու ջանքերն ապարդյուն են, իսկ դուք շտկվելու և դարձի գալու ժամանակ դեռ ունեք: Եթե հարկադրված եք ու պարտադրված ձեր գործողություններում, կամ էությամբ եք այդպիսին, գոնե մեկ անգամ բացառություն արեք ու փորձեք եթե ոչ օժանդակել, ապա գոնե չխանգարել:


Հաղթանակը կիսելու ենք բոլորս, նույնիսկ ձեր հովանավորները: Վերջիններս միգուցե չուզենան հասկանալ, բայց գոնե դուք հասկացեք, որ մեր հանճարը ձեր բանջարին վնաս չէ, վնաս չէ …

 

 


Արմեն Գևորգյան