Ֆուտբոլային միամսյակն այսօր ավարտվում է: Մունդիալ 2014-ի կարևորագույն խաղում կմրցեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Եթե անկեղծ լինեմ՝ եզրափակչի զույգից այս առաջնության չեմպիոնի կոչմանն ավելի արժանի է թվում Գերմանիայի հավաքականը. գոնե մինչև հիմա իր ցուցադրած խաղի որակով ու արդյունավետությամբ Գերմանիան մի գլուխ բարձր էր Արգենտինայից և կարելի է ասել, որ Բունդես թիմի խաղն իրոք չեմպիոնական է թվում: Գերմանական հզոր և անխափան մեքենայի ուժն ու ագրեսիան իրենց վրա զգացին Պորտուգալիայի (0-4) և Բրազիլիայի (1-7) պես հավաքականները:

 

Անկեղծանամ ու նաև ասեմ, որ Գերմանիայի ցուցադրած խաղն ինձ ավելի հոգեհարազատ ու հաճելի էր, քան Արգենտինայինը: Բայց, չնայած այս ամենին, ես երկրպագելու եմ Արգենտինայի հավաքականին (Գերմանիայի հավաքականին երկրպագող իմ ընկերներ ջան չնեղանաք), և դա ունի մեկ պատճառ՝ Լեո Մեսսի: Շատերը կհամաձայնվեն, շատերն էլ կվիճեն, բայց ինձ համար Մեսսին Պելեյի և Մարադոննայի հետ միասին ֆուտբոլային օլիմպոսի համազոր <> են (նշանակություն չունի, որ Լեոն ի տարբերություն մյուս երկուսի դեռ չի նվաճել աշխարհի գավաթը), իսկ այս մունդիալում հաղթելու դեպքում Մեսսին շատերի, այդ թվում նաև ինձ համար կվերածվի այդ նույն օլիմպոսի գերագույն <>, բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստի:

 

Եթե հաշվի առնենք, որ նա արդեն 27 տարեկան է և հաջորդ մունդիալում 31 կլինի, իսկ այդ տարիքում, բնականաբար, անհամեմատ բարդ կլինի նվաճել աշխարհի գավաթը, շատ ցանկալի է, որ Լեոն հենց այս մունդիալում Սելեսաոյին պարգևի բաղձալի գավաթը: Չմոռանանք նաև, որ այս առաջնությունում Մեսսին կարողացավ շատ քննադատների բերանը փակել ու ցույց տալ, որ նա իսկական լիդեր է, թիմն իր ետևից առաջ տանող ավագ ու մարտիկ:

 

Համաձայնեք, որ նմամ ֆուտբոլիստն արժանի է նման նվաճման, իսկ Գերմանիայի հավաքականը թող մի փոքր սպասի: Այս Բունդես թիմը շատ երիտասադ է, տաղանդավոր, ու առնվազն առաջիկա 2 մունդիալներում հանգիստ կարող է հասնել իր նպատակին: Ինչևե՝ ամեն բան կորոշվի այսօր խաղադաշտում: Բոլորիս մաղթում եմ անմոռանալի և դրամատիկ եզրափակիչ…