Նախապես ասեմ, որ ինքս էլ ոգևորված չեմ այն պատմությամբ, որն այժմ ձեր դատին եմ հանձնում ու շատ անգամ եմ այն հավաքել համակարգչիս մեջ, բայց ձեռքս դողացել է <հրապարակել> կոճակին սեղմելիս: Պատմությունը, որը ձեզ հիմա պատմելու եմ ու փաստերը որոնք բերելու եմ ծայրահեղ տհաճ են ու ցավեցնող: Տհաճ են առաջինը այն տեսանկյունից, որ փչացնելու են մի շատ գեղեցիկ պատմություն, որում գլխավոր հերոսը դժվար կացության մեջ հայտնված մի խեղճ դերասան է և ողջ ազգը շտապում է նրան օգնության: Իհարկե հասկանում եմ, որ այս թեմայի արծարծումը նման տեսանկյունից կարող է և կվնասի միանգամայն անմեղ ու ազնիվ մարդկանց, որոնց իսկապես օգնության կարիք ունեն, բայց ինչպես ասում են դառը ճշմարտությունն ավելի նախընտրելի է կեղծիքից: Ու թող որ այդ կեղծիքը լավն է, գեղեցիկ է ու հուսադրող, բայց ես ձեզ կպատմեմ այն ինչ գիտեմ առանց խմբագրեկու ու փաստերը թաքցնելու:


Այսօր՝ 2014 թվականի հուլիսի 9-ին համբերությանս բաժակը վերջապես լցվեց: Դա եղավ այն բանից հետո, երբ առավոտյան աշխատանքի շտապելիս երթուղայինում ոտքի վրա կարդացի դերասան Կարեն Մկրտչյանի հարցազրույցը այն մասին, որ ինքն ապաքինվել է ավելին՝ պատրաստվում է ֆիլմ նկարել: Ուշադրություն խնդրում եմ. Ֆիլմ նկարել է պատրաստվում մի մարդ, ով ամիսներ առաջ անգամ գումար չուներ, որ ընտանիքի նվազագույն կարիքները հոգար և հազիվ տան վարձն էր վճարում, իսկ հիմա նա այդքան ազատ միջոց ունի ֆիլմ նկարելու համար:


Ավելի ճիշտ կլինի սկսեմ ամենասկզբից: Դերասան Կարեն Մկրտչյանի վրա հարձակում է տեղի ունենում, որի արդյունքում նա հոսպիտալացվում է ու բժիշկներն առանց վարանելու նրա մոտ ախտորոշում են «Ուղեղի ցնցում»: Ամիսներ անց նրան այցելում մի լրագրող և Կարենից վերցնում մի հարցազրույց, որն ամիսներ անց դառնալու էր նրա բուժման հիմնական երաշխավորը:


Սովորական ուղեղի ցնցումից հետո Կարենը հայտրարաում է, որ էլ չի կարող քայլել, ապա սկսում է կակազել, ապա առհասարակ դադարում է խոսել: Ի դեպ նա կակազում է շատ վատ: Գուցե նա դերասան է, բայց վատ դերասան է: Տեսանյութը դիտած լոգոպեդ ընկերներս փաստեցին, որ կակազող մարդը չի կարող նման կերպ կակազել: Որոշ տառեր նա չի կարողանում արտասանել, ապա տեսանյութի վերջնամասում այդ տառերն արտասանում է ու սկսում է կակազել միանգամայն այլ տառերի վրա: Փաստացի եթե Կարենը խնդիր ունենում է խոսելու հետ, դա չի լինում այն ձևով, որը նա ներկայացնում է տեսանյութում: Կոպիտ ասած նա դերասան է և դերասանություն է անում: Դա նրա մասնագիտությունն է: Ամեն դեպքում չկենտրոնանանք սրա վրա:


Տեսանյութից հետո լրատվական դաշտում սկսվում է իսկական արշավ ու հանգանակություններ են սկսում հոսել դեպի Կարենի բանկային հաշիվը: Ընթացքում տարբեր մարդիկ սկսում են պատմության մելամաղձոտ երանգներ հաղորդել. Կարենը ազատամարտիկ է (ՊՆ-ն ու որևիցէ այլ պատկան մարմին այդպես էլ չի հաստատել Կարենի ազատամարտիկ լինելու փաստը): Հիշեցնեմ, որ նույն կերպ ասում էին, որ շատ հզոր ազատամարտիկ ու հերոս է նաև Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանը: Բայց ինչևիցե: Մենք սիրում ենք հորինել ու ճոխացնել, ապա հիասթափվել՝ պարզելով, որ շատ ենք ճոխացրել:


Ապա սկսում են տարածվել ինչ որ դավադրության տեսություններ այն մասին, որ որակյալ դերասանների որս է գնում ու դրանով էլ ավելի հերոսացնել Կարեն Մկրտչյանին:


Ապա մամուլում նորից սկսում է հայտնվել Կարեն Մկրտչյանի բնակարանը, որտեղ նա վարձով է մնում: Հետագայում պարզվում է, որ դա ոչ թե վարձով տուն էր, այլ նրա աներոջ բնակարանն էր:


Ապա հնչեցվում է պատմության ամենակարևոր թիվը՝ 80,000 եվրոն: Ըստ թիվը հրապարակողների հենց այս հսկայական գումարն էր անհրաժեշտ Կարենին վիրահատելու համար: Հիշեցնեմ, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, որը գրված է նաև նրա էպիկրիզում, իսկ այդ գումարով օրինակ Գերմանիայում, որտեղ մեկնեց Կարենը, կարող են փոխպատվաստել երիկամ և ոսկրածուծ միանգամից (յուրաքանչյուր վիրահատության գինը 30,000-ից 40.000 եվրո է):


Ապա հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և խնդրում է նրան իրենո ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը պահանջվող ծախսերի մասին: Կարենն իհարկե դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80,000 եվրո արժողությամբ վիրահատռություն չեն անում:


Արդյուքնում Կարենը հավաքում է <անհրաժեշտ> գումարը գերազանցող գումար ու ընկերոջ հետ մեկնում է Գերմանիա: Նկատենք, որ ոչ թե կնոջ, կամ մեկ այլ հարազատի, այլ հենց ընկերոջ ում հետ ոտատակ է տալու Գերմանիան ու ում հետ կայֆավատ լինել սկսեց հենց ինքնաթիռից: իսկ այդ տեսանյութը որտեղ տղերքը ջան են ասում, ջան լսում ու կատակում հեռացվեց յութուբից:


Ի դեպ, այն մասին որ գումարը հավաքվել է, Կարենը ասում է այն ժամանակ, երբ արդեն կասկածներ էին շրջանառվում, որ հավաքվել է 80,000 եվրոյից ավել գումար: Ու Կարենը դա անում է մարդկանց բերանը փակելու համար ու մեկնում:


Ապա Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես, որ ոչմ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինձ որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է: Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենն իհարկե չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից:


Ապա Կարենը գալիս է Հայաստան, նրան դիմավորում են իբրև հերոսի, ով պայքարեց ու հաղթեց հիվանդությանը: Հիմա էլ նա ասում է, որ դեռ բուժման մի կուրս էլ ունի, բայց արդեն լավ է ու իրեն նվիրելու է արվեստին ու ֆիլմ է նկարելու: Փաստորեն փողը կարենի մոտ գյոլ ա տվել:


Հիմա հրացս Կարենին: Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղի հրապարակի ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ուր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչու ես լռում դրանց մասին: Ինչու չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների:

 

 

Գևորգ Ալեքսանյան