Այդ քառյակը, որը քառյակ է բայց ոչ հրաշալի…Ընդամենը թվաբանական մի միավոր է, մի հերթական կոնգլոմերատ, մի ամորֆ մարմին, ինչ-որ հույսեր է փայփայում և տարբեր խողովակներով <<իշմարներ է>> տալիս, հույսեր փայփայում և ակնարկներ անում հանրությանը, որ պետք է սպասել մինչև սեպտեմբեր, իսկ այդ ժամանակ արդեն կլուծվի իշխանության հարցը:


Քաղաքական ընդդիմությունը' հանձինս այս ամորֆ քառյակի, արդեն տևական ժամանակ սպասում է Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում ֆորսմաժորային իրավիճակի ստեղծմանը: Չեն թաքցնում և գրեթե բացահայտ նշում են, որ իշխանությունն առաջիկայում կկանգնի երկընտրանքի առաջ. ստորագրել Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ, թե ոչ?...Բոլոր դեպքերում, կարծում են կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունը հնարավորություն կստանա իշխանությանը պարտադրել հրաժարական տալ, նրան մեղադրելով արյան գնով ազատագրված տարածքները հանձնելու մեջ…Եվ այդ քաղաքական հաշվենկատ քառյակը, որի ձևավորման և գործունեության ջատագովը Լ.Տեր-Պետրոսյանն է' <<Պատերազմ, թե խաղաղություն?: Լրջանալու պահը>> ծավալուն հոդվածի հեղինակը, բնականաբար հիմա արդեն հույս ունի շահարկել վերահսկվող տարածքներից Ադրբեջանին վերադարձնելու հնարավոր տարբերակը:


Եվ ինչ պարոնայք, ինչ է հիմա արդեն եկել է անլրջանալու պահը?...


Մանկամիտ կամ առնվազն տարրական գիտելիքներ, կամ գերզգացմունքային հայրենասիրական շեղումներով տառապյալ պետք է լինես, որպեսզի լիիրավ բացառես բանակցային գործընթացների ժամանակ ընդհանրապես տարածքներ չվերադարձնելու տարբերակը:Ոչ ամբողջությամբ, բայց որոշ զիջումներ հնարավոր է որ լինեն…Ոչինչ չի կարելի բացառել, և ինչ?...Եթե մարդիկ, որոնք իրենց խելամիտ են համարում և գտնում, որ կարելի է մոռանալ լրջանալու մասին կոչերը, անլրջանալ և երբևիցե համարձակվել, փորձել շահարկել այդ հարցը, ապա նրանք քաղաքական դիակ են ուրեմն…Իսկ նրանց հետևից փողոց դուրս եկողները քաղաքական զոմբիներ…Ի վերջո սա այն խնդիրը, այն ցավոտ հարցն է, որի շուջ մենք պետք միշտ համախմբված և խելաամիտ լինենք, բայց ոչ ռոմանտիկ երազող:


Արցախը մերն է, Արցախը և նրան հարող տարածքները պահել ենք զրկանքների, զոհերի գնով, սակայն անկախության ճանաչումը գին ունի, բանակցություններն իրենց նրբություններն ու նրբերանգները…Դիվանագիտությունը բանակցությունների արվեստ է, բանակցությունների գիտություն, ինչպես նաև հնարավորությունների արվեստ…Դիվանագիտությունը քաղաքագիտություն է, իսկ քաղաքականությունը նաև կոմպրոմիսների արվեստ և պետք է հիշել, որ դիվանագիտությունն այնպես է հարաբերվում քաղաքականությանը, ինչպես օդը' ջրին:


Իսկ եթե կլինեն ինչ-որ գեներալներ, քաղաքական գործիչներ, որոնք մոռանալով իրենց անցյալը, իրենց ներկան ու ապագան, իրենց ողջ կյանքն ու պահվածքն առհասարակ, կփորձեն շահարկել, ապա թող լավ մտածեն…Շատ լավ…
Աստված տա, որ ընդհանրապես տարածք զիջելու խնդիր չդրվի, սակայն պետք է հիշել' մեծ նպատակը նաև փոքր զիջումներ է պահանջում…Եվ իրոք, եթե եկել է լրջանալու պահը, պետք է ազգովի գոնե մեկ անգամ, միասնական լրջանանք…


Ես չգիտեմ կստեղծվի նման իրավիճակ, թե ոչ, սակայն մենք պետք է պատրաստ լինենք և լինենք խելամիտ և իրատես: Եթե գերտերությունները, թշնամին զգացին, որ մենք այդ հարցում համախմբված և միասնական ենք, ապա բնականաբր հնարավոր է և զիջումներ չլինեն…

 

 

Ռոբերտ Մելքոնյան