Հունիսի 28-ին կայացած «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը ոչ մի նոր բան չտվեց քաղաքական դաշտին, ընդամենը ամառվա շոգին հաստ շարֆով հանրությանը ներկայացած Րաֆֆի Հովհաննիսյանը «ավետեց», որ արձակուրդից վերադարձել է Զարուհի Փոստանջյանը: Այսքանը:


Իսկ «Ժառանգությանն» առնչվող հետաքրքիր իրադարձությունները տեղի են ունեցել համագումարից օրեր առաջ: Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, այդ ժամանակ Առինջի հայտնի այգիներում Գագիկ Ծառուկյանին են հյուրընկալվել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգականների» նախաձեռնությամբ տեղի ունեցած այդ հանդիպումը չի լուսաբանվել լրատվամիջոցներում, անգամ պաշտոնական հայտարարություն չի տարածվել, ինչը Ր.Հովհաննիսյանի պարագայում առնվազն տարօրինակ է, քանի որ նա երբեք էլ բաց չի թողնում հերթական անգամ գովազդվելու ցանկացած հնարավորություն: Հանդիպումը գաղտնիության քողի տակ պահելը պայմանավորված է եղել ոչ թե նրանով, որ քառյակի 2 ներկայացուցիչներ մյուս գործընկերներից գաղտնի հանդիպել են և ինչ-ինչ առանձին քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել, այլ ավելի պարզ պատճառով. վերջերս «Ժառանգությունը» հայտնվել է նեղ ֆինանսական դրության մեջ: Գ.Ծառուկյանն ըմբռնումով է մոտեցել «քառյակային գործընկերոջ» դարդերին և համապատասխան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել' «մինչև տեսնենք, թե ինչ է լինում»:


Այս հանդիպումը կազմկերպելու անհրաժեշտությունը Ր.Հովհաննիսյանի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա հասկացել է, որ կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար ինքը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Բացի այդ, խնդիրներ են առաջացել նաև «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի տարածքի վարձակալության և աշխատակիցների աշխատավարձի վճարման առումով: Րաֆֆին գոհ է մնացել ոչ միայն տրամադրված գումարի չափից, այլ նաև իրեն մատուցված ճոխ հյուրասիրությունից ու ավանդական նվերների առատությունից' խմիչքի տեսքով: Իսկ ստացված գումարի մի մասով Ր.Հովհաննիսյանը մտադիր է «Ժառանգության» գրասենյակներ բացել ՀՀ մարզերի խոշոր քաղաքներում:


Ի դեպ, այդ հանդիպման օրը նույնպես պատահաբար չի ընտրվել: Ր.Հովհաննիսյանը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի հանդիպումը կայանա մինչև Զարուհի Փոստանջյանի' Հայաստան վերադառնալը: Հանդիպման ժամանակ գումար խնդրելը Րաֆֆին հիմնավորել է նրանով, որ այդկերպ կարող է որոշակի ժամանակով զսպել Զառային, որպեսզի նա հարվածներ չհասցնի քառյակին, որի գործունեության հանդեպ, մեղմ ասած, բացասաբար է տրամադրված:
Րաֆֆի Հովհաննիսյանի' ամեն գնով գումարներ հայթայթելու ցանկությունն, իհարկե, հասկանալի է, բայց արդո՞ք դա կփրկի գաղափարական սնանկությունից և որևէ էական բան կփոխի վերջնականապես պառակտված «Ժառանգության» համար: Մի՞թե դա հնարավորություն կտա վերադարձնել համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար մարմնից տարբեր պատրվակներով հեռացած գործիչներին: Դժվար թե, քանի որ նույն համագումարի ժամանակ արևմտամետ հայացքներ ունեցող այդ փորձառու քաղաքական գործիչներին Րաֆֆի Հովհաննիսյանը փոխարինեց ինչ-որ կասկածելի երիտասարդ ակտիվիստներով, ովքեր հայտնի չեն ոչ միայն հասարակությանը, այլև հենց «Ժառանգության» շարքերին:

 

 

Սարգիս Բալայան