8 հոգով 20 երգ երգելը, 4 կետի շուրջ ամիսներով որևէ պայմանավորվածություն ձեռք բերել չկարողանալը, իսկ համաձայնության դեպքում էլ հաջորդ իսկ օրը «կռուտիտ» լինել, որ մենք ուրիշ բան նկատի ունեինք, նշանակում է' իրեն այդպես պահող կուսակցությունը կամ կուսակցությունների խումբը դեռևս չունի ձևավորված ամուր և կուռ կուսակցական կառուցվածք: Այն զուտ մարդկանց միավորում է, ովքեր իրենց գործունեության հիմքում ինչ-ինչ քաղաքական շարժառիթներ ունեն: Չունենալով ներկուսակցական կայունություն' նման ուժերը չեն կարող ապահովել նաև կայունություն երկրի ներսում, եթե ստանձնեն իշխանությունը:


Այս վիճակը բերում է նրան, որ նման ուժերը սկսում են անտրամաբանական քայեր իրականացնել, օրինակ' չունենալով կայացած կուսակցական կառուցվածք' պահանջել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցում, որտեղ, ինչպես հայտնի է, կենտրոնական դերակատարումը պետք է ստանձնեն կուսակցությունները: Սպառնալ, որ ժողովրդին հրապարակ կհանեն, իսկ հանելուց հետո էլ' ուղարկել տուն հանգստանալու, որ մի քիչ հետո նորից գան' երևի ի նկատի ունեն պերերիվ անելը, բայց դա էլ են այլաբանորեն ասում' կարապ-գայլաձուկ-խեցգետին սկզբունքին հավատարիմ մնալով: Պահանջել ստվերի վերացում' այն դեպքում, երբ իրենց շարքերում հերթով կարելի է ցույց տալ այդ ստվերում հովացողների: Ու այսպես շարունակ:


Ուստի կարելի է սեփական հարցերը լուծել, նոր հետո անցնել համապետական նշանակության հարցերի, այդպես ավելի ազնիվ կլինի:

 

 

Կնյազ Սարոյան