Անգլիայի ու Ֆրանսիայի միջև 1337- 1453 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունների շարքը, որը հայտնի է Հարյուրամյա պատերազմ անունով (ընդմիջումներով' 116 տարի ), չի հանդիսանում աշխարհի ամենաերկարատեւ պատերազմը, թեեւ աշխարհում շատերն, այդ թվում բազմաթիվ պատմաբաններ, այդպես են կարծում: XVI-XVII դարերում տեղի ունեցած թուրք-իրանական պատերազմներն ընթացել են 127 տարի (1512-1639 թթ.): Ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Միջագետքում ու Հայկական լեռնաշխարհում: Այդ տարիներին ունեցել ենք հարյուր հազարավոր մարդկային կորուստներ, երկրից արտագաղթել է մոտ երկու միլիոն հայ՝ հայաստանաբնակ հայության շուրջ 50%-ը: Միայն շահ Աբասի հրամանով 1604-ին Արեւելյան Հայաստանից բռնությամբ Իրան է տեղափոխվել շուրջ 300.000 հայ:

 

Ի դեպ, XVIII - XIX դարերում շարունակվեց հայության արտագաղթը եւ փոխարենը մեր հայրենիքում բարձրացավ ներգաղթյալ մահմեդականների տեսակարար կշիռը: Այսպես, 1826թ. մարդահամարի համաձայն, Իրանի կազմի մեջ գտնվող Երեւանի ու Նախիջեւանի խանություններում բնակվում էր 169.155 մարդ, որից հայեր էին' 57.305-ը կամ 33,8%-ը, մահմեդականներ (պարսիկ, թուրք, թաթար)' 111.000 կամ 65,7%, եզդիներ, հույներ, ասորիներ' 850 հոգի կամ 0,5 %: