«Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզախափանարար ներթափանցման փորձը: Հայկական առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, պատճառելով ադրբեջանական կողմին առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր, հետ շպրտել ելման դիրքեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որից հետո ի հայտ եկան նոր մանրամասներ։ Հակառակորդը կրկին գործել է իր, այսպես կոչված, մոտ 40 «գերարհեստավարժների» միջոցով։
Եվ մեր շարքային զինվորները հաղթող են դուրս եկել՝ վնասազերծելով անգամ նրանց խափանարար խմբի հրամանատարին (կապիտան)։
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակն ունեցել էր մեկ կորուստ. մերձամարտում զոհվել էր եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Զինվորներից չորսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ եւ այժմ շարունակում են բուժումը: Այս ընթացքում նրանց այցելել են թե՛ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թե՛ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Տղաների հիվանդասենյակի մոտ մինչ օրս էլ բազմամարդ է. ծանոթ-անծանոթ, պարզապես քաղաքացիներ, մտավորականներ գալիս են հոսպիտալ՝ հետաքրքրվելու նրանց առողջությամբ, քաջալերանքի եւ երախտագիտության խոսքեր ասելու հերոս տղաներին:
Երրորդ հարկում ենք' նյարդաբանական կլինիկայում: Այստեղ են բուժվում Ռուզվելտ Թորոսյանն ու Արայիկ Հակոբյանը: Ես ու մեր լուսանկարիչը մտնում ենք հիվանդասենյակ, բարեւում՝ «Ո՞նց եք»: Նրանց՝ «Շատ լավ ենքը» այնքան բարձր ու հստակ է հնչում, որ մոռանում ես' հիվանդի մոտ ես եկել, վիրավորի: Արայիկի գլուխն է վնասված, Ռուզվելտի՝ աչքերը, բայց առույգ են, ժպտում են… Արեգը լուսանկարում է, ես էլ մտածում՝ ինչի՞ց խոսել տղաների հետ, ի՞նչ հարցեր ուղղել. չէ՞ որ նրանց արարքը բոլոր հարցերիս պատասխանն ունի արդեն: Նրանք չեն ընկրկել թշնամու սպառնալիքի առջեւ, դիմադրել եւ ծնկի են բերել թվով չորս անգամ իրենց գերազանցող արհեստավարժ դիվերսանտներին:
-Մի՛ զարմացեք, որ նրանք կատակում են, այստեղ նեղված, ընկճված մարդու չեք հանդիպի: Ինչո՞ւ նեղվենք, այսպիսի տղաներ ունենք՝ խիզախ, վճռական, անձնվեր,- մտքիս թելը կտրում է Ռուզվելտի մայրը՝ Տատյանան: -Որդիս նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, կարող էր այնտեղ ծառայել, այն էլ մեկ տարի, բայց թե՛ ես, թե՛ ամուսինս, թե՛ ինքը՝ Ռուզվելտը, այդ տարբերակը անգամ չենք էլ քննարկել, արտերկրում ապրող ամեն հայ պետք է գա եւ ծառայի, հսկի իր բաժին սահմանը ու հարկ եղած դեպքում էլ գործի այդպես վստահ, ինչպես մեր որդիները…
-Ռուզվելտին բոլորն էլ շատ են սիրում զորամասում, ընտիր տղա է,- ընկերոջ մասին պատմում է Արայիկը,- նա մեր բուժակն էր, բժշկականի ուսանող, երբ զորակոչվեց բանակ… Ես էլ վարորդ էի, բայց երբ հակառակորդը հարձակվեց, բոլորս էլ զենք վերցրինք, ոչ մեկս չխառնվեց, չվախեցավ, կարգին դաս տվեցինք դրանց, թող իմանան՝ գիշերը գող-գող գալու դեպքում էլ արժանի պատիժ են ստանալու…
-Այո՛,- ընկերոջ խոսքերը հաստատում է Ռուզվելտը եւ շարունակում,- այս դեպքից հետո ես կյանքն ավելի շատ եմ սիրում, շատ եմ գնահատում… Ավելի շատ եմ սիրում ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս… Իսկ հայրենիքի հանդեպ սերս, ինչպե՞ս ասեմ, մի տեսակ ավելի գիտակից է դարձել, հայրենիքն ավելի խոր է մտել հոգուս մեջ… Ուզում եմ՝ բոլորս շուտ առողջանանք…
Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայում ենք, այստեղ էլ բուժվում են Գեւորգ Կարապետյանն ու Տարոնիկ Ղուկասյանը, նաեւ՝ Աշոտ Գրիգորյանը, որ մայիսի 26-ին վիրավորվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Տղաների սենյակում է բուժծառայության կապիտան Գեղամ Ազիզյանը: Բուժզննումից հետո բժիշկն ասում է. «Ուզո՞ւմ եք տեսնել ազգի ապագան, նայե՛ք այս տղաներին: Նրանք են երկիրը պահողը, նրանք մեր հարստությունն են… Տեսեք' հերոսներ են, բայց որքան հասարակ են, համեստ, պարկեշտ… Ես հպարտանում եմ նրանցով»:
Տղաները բժշկի գովեստներից մի քիչ անհարմար են զգում եւ ամոթխած ժպտում են:
-Ես վստահեցնում եմ, որ մենք վախկոտ, թուլամորթ դիրքապահներ չունենք… Ով էլ մեր տեղը լիներ, նույնը կաներ, այսինքն՝ այն, ինչ մեզ սովորեցրել են, այն, ինչ մեր հոգին ու դաստիարակությունն են թելադրում: Մեզնից ոչ մեկը ողջ չէր մնա, եթե մենք մեր անելիքը չիմանայինք… Կարեւորը՝ մենք խուճապի չմատնվեցինք, գործեցինք այնպես, ինչպես պետք է գործել նման անակնկալ «հյուրերի» դեպքում …,- ասում է Գեւորգը:
-Ծառայության ընթացքում ամենակարեւորն այն է, որ զինվորը բարեխղճորեն կատարի հրամանատարների տված հրամանները, պահպանի անվտանգության կանոնները,- ավելացնում է Աշոտը, որ դիրքի ավագն է:- Թեպետ մենք հիմա ցավեր ունենք, բայց, ինչպես տեսնում եք, բոլորովին ընկճված չենք… Վերքերը կլավանան-կանցնեն, բայց մենք մեր ծառայությունը երբեք չենք մոռանա, չենք մոռանա նաեւ այս օրերը… Գուցե նույնիսկ կատակով հիշենք… Երեկ էլ լավ ուրախացանք' ծննդյանս տարեդարձն էր' 20 տարեկան դարձա (ժպտում է)…
Դուրս ենք գալիս հիվանդասենյակից, եւ ես մտածում եմ' երիցս ճշմարիտ էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երբ լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք մեր երիտասարդները կարողանալո՞ւ են անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր ժողովրդի անվտանգությունը, պատասխանել էր. «Մենք ոչ մի մտավախություն չունենք' եւ՛ մարտական ոգով, եւ՛ ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակով նոր սերունդը ոչնչով չի զիջում իմ սերնդակիցներին: Եթե հարկ լինի, ապա ավելի լավ, ավելի խիզախ են պաշտպանելու հայրենիքը»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ