Եթե հայկական էստրադա կամ, ավելի սարսափելի, շոու-բիզնես կոչվածի ներկայացուցիչների թեկուզ կեսը թրքական կամ ադբեջանական վայնասուն տարածելու փոխարեն փորձեր մեկ քար ավելացնել և հզոր պարիսպ կառուցել մեր մշակութային ժառանգության շուրջ՝ այն ամեն տեսակ թափթփուկներից պաշտպանելու համար, այսօր մենք նման խնդրի առաջ կանգնած չէինք լինի:
Մեր դուդուկը բալաբան չէր հորջորջվի, հարիսան թուրքական կերակուր չէր գրանցվի և հայ երգի գոհարները այսօր թուրքերենով չէին հնչի: Մարմնովս ահարկու մի սարսուռ է անցնում, երբ պատմության բովով անցած և վիշտ ու հաղթանակ արտահայտող հայկական ժողովրդական երգերը լսում եմ թուրքերենով: Եվ ինձ սարսափելի խոցված եմ զգում հատկապես ռազմական ու հայրենասիրական երգերի հզոր հնչյունները թուրքերեն բառերով ուղեկցված տեսնելով: Դրանց մեջ պատմություն կա, իսկ ներկայիս երիտասարդների մի մասը նույնիսկ տեղյակ չէ այդ երգերի կամ պատմությունների մասին: Փոխարենն ավելի ժամանակակից երևալու, աչքի ընկնելու, տարբերվելու և եվրոպական ՛՛բարձր՛՛ արժեքներ տարածելու համար հայ երիտասարդների մի ստվար զանգված ժողովրդական երգը հնացած ու անհետաքրքիր է համարում՝ նախընտրելով թուրքական մելիզմները, կամ լավագույն դեպքում ամերիկյան կատարողների երգերը:
Իսկ հայկական երգը ամենևին էլ խունացած կահույք չէ, որը պետք է դուրս նետել ու նորը գնել, այն մերն է, մեր մշակույթը և վստահորեն այնքան լավն է, որ հարևան ազգերն ամեն ինչ անում են մեր ՛՛հին կահույքն՛՛ իրենց պատվավոր զարդը դարձնելու համար: Ուստի ամեն հայ՝անկախ սեռից, տարիքից կամ մասնագիտությունից, պետք է գիտակցի իր ազգային ինքնությունը և թշնամու ջրաղացին ջուր լցնելու փոխարեն, վառ պահի մեր մշակույթը և այն տարածի ամեն տեղ ու ամեն հնարավոր կերպ: ԵՎ երբեք ու երբեք չամաչի ու խույս չտա այն հարստությունից, որը մեզ է հասել այնքան դժվարին ուղով:
Մարիամ Առուշանյան